Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտագաղթի հաղթահարման` ՀՅԴ ներկայացրած ծրագրում մի կետ կա, ըստ որի` իրենց պաշտոններից պետք է հեռացվեն այն անձինք, ովքեր հակաքրիստոնեական ու հակամարդկային կեցվածք ունեն եւ իրենց գործունեությամբ բացասական լիցքեր են հաղորդում հանրությանը: Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին ծրագրի ստեղծման պատասխանատու Արծվիկ Մինասյանից, թե կա՞ն, արդյոք, կոնկրետ անուններ, թե պաշտոնյաներից ովքեր են, որ ընկնում են այդ բնորոշման տակ եւ քրիստոնեավայել կեցվածք չեն ցուցաբերում:
Ի պատասխան, Արծվիկ Մինասյանը նշեց, որ որոշվել է անուններ չհրապարակել, որովհետեւ այս ծրագրի կատարման հիմնական պատասխանատուն իշխանությունն է, իսկ իշխանություններն ունեն մեկ առանձնահատկություն` երբ անուն ես հրապարակում, սկսում են պաշտպանել այդ անձին:
«Դրա համար անունները մենք թողել ենք: Համախոհության վրա ձեւավորված ամբողջական ծրագրի քննարկման վերջնական փուլում, երբ կներկայացվի իշխանությանը, այն ժամանակ էլ անունների ու պաշտոնների փաթեթ կներկայացվի, ովքեր իրենց գործունեությամբ հայ հանրությանը բացասական լիցքեր են հաղորդում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա ներկայացմամբ` այս ծրագրով նախատեսվող քաղաքականության մեջ կան նաեւ իշխանություն-ընդդիմություն հատվածների համագործակցության դրույթներ, որը ամենեւին չի նշանակում վերադարձ դեպի կոալիցիա: Ընդ որում, ինչպես նշեց Մինասյանը, համագործակցություն կարող է լինել թե’ ընդդիմադիր դաշտում եւ թե’ իշխանության մեջ գտնվող ուժերի միջեւ:
«Եվ երբ մենք նպատակ ենք դնում, որ երկրի կառավարման արդյունավետությունը պետք է բարձրացնենք եւ վերահսկողական լծակները պետք է տալ ընդդիմությանը, դա նույնպես համագործակցություն է, բայց հանուն երկրի, հանուն պետության եւ ոչ թե կոալիցիոն կառավարման սկզբունքով»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Իշխանություն-ընդդիմություն համագործակցության մասին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է այս ողբալի վիճակից դուրս գալու համար ձեւավորվի միասնական համակարգ, որը պետք է նորմալ համարվի, որպեսզի երկիրը տեղից շարժվի եւ որպեսզի հակակշռման, զսպման հնարավորություններ առաջանան:
«Չկա այսօր Հայաստանում հակակշռում, զսպում, եւ իշխանություններն անսանձ գործում են: Մեր ծրագրի ամբողջ տրամաբանությունը հետեւյալն է` եթե մենք կարողանում ենք համախմբում առաջացնել տրված նպատակների ու դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի ուղղությամբ, ավելի հեշտ է այդ ձեւով նույն քաղաքացիական հասարակությանը մոբիլիզացնելով, ժողովրդին մոբիլիզացնելով, ճնշումները մեծացնել իշխանությունների վրա, եւ եթե անհրաժեշտ է դուրս գալ փողոց, ապա` միայն իմանալով, թե փողոց դուրս գալուց ինչ ես անելու, այլ ոչ թե դուրս գալ փողոց ու հետո որոշել, թե ինչ ես անելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ մարդիկ գիտակցված պետք է ըմբոստանան: