Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը նախագահական առաջիկա ընտրություններին իր գլխավորած «Ազատություն» կուսակցության կողմից առաջադրվելու մասին, ուշագրավ է թե' ընտրված պահի և թե' բովանդակության իմաստով: Թեեւ «Ազատություն» կուսակցության համագումարը կայանալու է դեկտեմբերի 24-ին, Բագրատյանն այսօր արդեն ոչ միայն հայտարարում է, որ դրա օրակարգի հարցը լինելու է իր թեկնածության առաջադրումը, այլ նաև, որ իր համար, ըստ էության, արդեն կայացրել է առաջադրվելու որոշումը և պատրաստ է այն վերանայել միայն Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում:
ՀՀՇ-ի համագումարը, որը կայանալու է դեկտեմբերի 22-ին, այսինքն` Բագրատյանի կուսակցության համագումարից երկու օր առաջ, պետք է տար այս պահին քաղաքական դաշտի համար ամենաինտրիգային հարցի պատասխանը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե իսկապես ընտրություններին առաջադրման առումով Բագրատյանի համար Տեր-Պետրոսյանի կայացնելիք որոշումը էական է, ապա ամենաճիշտ տարբերակը կլիներ ևս երկու օր սպասելը և դրանից հետո միայն որևէ հայտարարությամբ հանդես գալը: Դա չանելը թույլ է տալիս եզրակացնելու, որ Բագրատյանն այս հայտարարությունն անում է հենց ՀՀՇ-ի գալիք համագումարին ընդառաջ և որպես կոնկրետ ուղերձ:
Հարցն այն է` ո՞րն է նման տակտիկական քայլ կատարելու իմաստը կամ նշանակությունը: Բագրատյանն իր առաջադրման մասին շտապում է հայտարարել` Տեր-Պետոսյանին շահագրգռելո՞ւ, թե՞, հակառակը, նրա հնարավոր առաջադրումը կանխելու նկատառումով: Այս իմաստով առավել հետաքրքրական է նրա այն հայտարարությունը, թե միառժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից կաշկանդած չլինելու համար: Սա կարելի է ՀԱԿ-ից դուրս գալու նախնական քայլ համարել, ինչը թույլ է տալիս ասել, որ Բագրատյանն ավելի շատ որդեգրել է թե' ՀԱԿ-ին և թե' Տեր-Պետրոսյանին հակադրվելու մարտավարությունը:
Իհարկե, չի կարելի բացառել նաև, որ նա գրեթե 100 տոկոսանոց երաշխիք կամ տեղեկատվություն ունի այն մասին, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու և այս հայտարարությունն անում է իրեն` որպես ՀԱԿ-ի հնարավոր նախագահացու մատուցելու և այդ առումով մյուս պոտենցիալ մրցակիցներից առաջ ընկնելու համար: Եթե այդպես է, ապա կարելի է համարել, որ ՀԱԿ-ի տրոհման գործընթացը մտնում է վերջնագիծ:
Սակայն հարցն այն է` արդյո՞ք Բագրատյանի այս քայլը բխում է անձամբ Տեր-Պետրոսյանի շահերից, թե՞ խանգարում է նրան: Մի կողմից սա կարող է փրկօղակ լինել ընտրություններին առաջադրվելու չափազանց պատասխանատու, միևնույն ժամանակ, նրա համար չափազանց տհաճ որոշումը կայացնելուց խուսափելու համար: Կարելի է ասել` ահա թեկնածու կա, և քաշվել մի կողմ: Բայց մյուս կողմից` այն չափազանց լուրջ հարված է նրա թիկունքից, որովհետև հուշում է, որ, միևնույն է, դրա համար վճարվելիք գինը չափազանց ծանր է լինելու, և այդ գինը նրա իսկ ստեղծած Հայ ազգային կոնգրեսի փլուզումն է: Հրանտ Բագրատյանն իր այս քայլով ընդամենը ընդգծում, սրում է ՀԱԿ-ում առկա իրողությունները և անխուսափելի թվացող զարգացումների ընթացքը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ