Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը, որով նա կազմակերպության անդամ բոլոր երկրներին մեղադրեց Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ և բարձրաձայնեց իբրև դաշինքի՝ ՀԱՊԿ-ի փաստացի չգոյության մասին, Հայաստանում մեծ աժիոտաժ է առաջացրել: Հայաստանն արժանապատիվ կեցվածքով հանդես եկավ այդ կառույցում, իրերը կոչեց իրենց անուններով և հասկացրեց, որ իրավունք ունի կազմակերպությունից և անդամ երկրներից պահանջելու առնվազն քաղաքական դիրքորոշման արտահայտման մակարդակով պաշտպանել իր հետաքրքրությունները Լեռնային Ղարաբաղի՝ դեպի լայնածավալ պատերազմի գնացող հիմնախնդրի շրջանակում: Այս իմաստով ելույթը մի կողմից որոշակի զգացմունքայնության տարր էր պարունակում՝ թերևս պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով և Բեռնում կայացած անպտուղ բանակցություններով, մյուս կողմից` կոշտ էր և պահանջատիրական, ինչի կարիքն իրականում զգացվում էր շատ վաղուց:
Սակայն այս փուլում զուտ նման գնահատողական շեշտադրումներով հայտարարությամբ բավարարվելն իրականում ոչ թե հիանալու, այլ մտահոգվելու տեղիք է տալիս: Եթե շախմատային լեզվով ասելու լինենք, ապա Սերժ Սարգսյանն իրականում շախ հայտարարեց թե\' ՀԱՊԿ-ին և թե\' դրա անդամ երկրներից յուրաքանչյուրին, առաջին հերթին` Ռուսաստանին: Եվ հիմա ողջ հարցն այն է՝ ի՞նչ քայլ են նրանք անելու կամ, որ շատ ավելի էական է,անելո՞ւ են որևէ քայլ, թե՞ ոչ:
2013թ. սեպտեմբերին Սոչիում կայացած` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանն արդեն մեկ անգամ խոսել էր ՀԱՊԿ անդամ երկրների անընդունելի վարքագծի մասին. «...Ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի (ԼՂ հիմնահարցի-հեղ.) կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ»:
Նրա այս հայտարարությանը, սակայն, ՀԱՊԿ-ից և, առանձին վերցրած, դրա անդամ երկրներից ոչ մի արձագանք չհետևեց: Ավելին` Ռուսաստանը և Բելառուսը շարունակեցին Ադրբեջանին հարձակողական զենք վաճառել, Ղազախստանն ու Ղրղզստանը շարունակեցին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունում ստորագրել Ադրբեջանի կողմից ներկայացվող՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությունների ու բանաձևերի տակ, իսկ ՀԱՊԿ-ն ընդհանրապես ոչ մի ձևով չանդրադարձավ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությանն ու գնդակոծության դեպքերին: Այսինքն` ՀԱՊԿ-ը և դրա անդամ անխտիր բոլոր երկրներն Հայաստանին անվտանգությանն անմիջականորեն սպառնացող իրողությունների ու զարգացումների նկատմամբ շարունակեցին «ոչինչ չեմ լսում, չեմ տեսնում և չեմ խոսում» կեցվածքը:
Այս ֆոնին ո՞րն է երաշխիքը, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած` երեկվա հայտարարությունից հետո ՀԱՊԿ անդամ երկրները փոխելու են իրենց քաղաքականությունը: Այն փաստը, որ նախագահի` ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած նման կոշտ և իրապես վիրավորական գնահատականներին անգամ նստաշրջանին մասնակցող որևէ երկիր գոնե թեթև ռեպլիկով չանդրադարձավ, թույլ է տալիս ենթադրելու, որ ոչինչ չի փոխվելու նաև այս անգամ:
Մինչդեռ` հիմա 2013թ. չէ: Հայաստանը կանգնած է ԼՂ պատերազմի վերսկսման իրական վտանգի առջև, եթե չասենք` արդեն գտնվում է պատերազմի մեջ: Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Հայաստանն այն դեպքում, երբ, ի պատասխան իր կողմից այս նուրբ պահին շախ հայտարարելուն, ՀԱՊԿ-ն ոչ թե ինչ-որ քայլ է անում, այլ պարզապես հեռանում է խաղատախտակի կողքից: Մի կողմից սա, իհարկե, լավ է, քանի որ վերջապես պարզվում է՝ կարիք կա՞ ընդհանրապես այդ կազմակերպության վրա հույս դնել անհրաժեշտությունն առաջանալու դեպքում: Բայց, մյուս կողմից, ամենապահանջված պահին «խաղատախտակի առջևից հեռանալու»` ՀԱՊԿ-ի մոտեցումը տեղի է ունենալու նաև Ադրբեջանի աչքի առջև: Եվ որևէ կասկած չկա, որ վերջինս դա գնահատելու է իբրև Հայաստանից ՀԱՊԿ-ի վերջնական և հստակ օտարում, ինչն ավելի է «երես տալու» առանց այն էլ վերահսկողությունից գրեթե լիովին դուրս եկող Ադրբեջանին:
Այս իմաստով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որքան էլ տեղին ու ճիշտ շեշտադրումներով, քաղաքական ազդեցության տեսանկյունից պարզապես կիսատ էր: Որովհետև պարզ չդարձավ` ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ն չփոխի իր քաղաքականությունը: Շարունակելու է նույն կե՞րպ՝ տպավորություն ստեղծելով, թե միանգամայն նորմալ է անտեսվածի ու չլսվածի կարգավիճակով այդ կազմակերպությունում գոյություն քարշ տալը: Բայց դա նշանակում է ընդհանրապես արժեզրկել թե\' Հայաստանի և թե\', մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքն այդ կազմակերպությունում: Թե՞ պատրաստվում է դիմել այդ հայտարարության տրամաբանությունից բխող քայլերի՝ սկզբի համար թեկուզ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախազգուշացումների տեսքով: Եթե` այո, ապա ինչո՞ւ դրա մասին հստակ չասվեց հենց ելույթով, որպեսզի ներկաները կանգնեն փաստի առաջ և ստիպված լինեն վերջնական դիրքորոշում հայտնել:
Ընդամենը գնահատականների հնչեցմամբ բավարարվելը, ինչը, փաստորեն արվում է արդեն երկրորդ անգամ, ոչ թե ՀԱՊԿ-ին է ստիպում փոխել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, այլ հենց Հայաստանին է կանգնեցնում հերթական` ավելի համարձակ քայլն անելու կամ չանելու երկընտրանքի առջև: Եվ ստացվում է, որ իրականում Սերժ Սարգսյանը ոչ թե ՀԱՊԿ անդամ երկրներին է շախ հայտարարել, այլ ինքն իրեն և Հայաստանին:
Գևորգ Դարբինյան