կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 16:33
Հասարակություն

Պետությունը ձեռքերը լվանո՞ւմ է. օդանավի վթարից զոհված մեր հայրենակիցների դիերի ճակատագիրն անորոշ է

 Պետությունը ձեռքերը լվանո՞ւմ է. օդանավի վթարից զոհված մեր հայրենակիցների դիերի ճակատագիրն անորոշ է

Վերջին մի քանի օրերին աշխարհի երկու տարբեր երկրներում տեղի ունեցած ողբերգական վթարները խլեցին 13 հայի կյանք: ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարը դարձավ 8, իսկ Հարավային Սուդանում տեղի ունեցած բեռնատար օդանավի վթարը՝ 5 հայի մահվան պատճառ:

Դժվար է համեմատել, թե վթարներից ո՞րն էր ավելի սարսափելի, երկուսն էլ մի անուն ունեն՝ ողբերգություն: Այս օրերին սուգ է 13 հայ ընտանիքներում. բոլոր զոհերը տղամարդիկ են՝ տան գլուխներ: Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարը համախմբեց ոչ միայն տուժածների հարազատներին, այլևս երկրի պետական գերատեսչություններին, դեսպանատանը, Ռուսաստանի հայերի միությանը: Պետք է խոստովանել, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ հիշյալ կառույցները, մեկը մյուսի, ինչպես նաև լրատվամիջոցների հետ համագործակցելով, գործեցին առավելագույնս օպերատիվ և արդյունավետ, որպեսզի զոհվածների հարազատներն ու ՌԴ-ում գտնվող մյուս տուժածներն իրենց միայնակ չզգան:

Բնականաբար, սա արդյունքն էր նախագահի հանձնարարականի: Այս անգամ նրա ցավակցական խոսքը չուշացավ: Իսկ ինչո՞ւ մինչ այժմ երկրի առաջին դեմքերը ցավակցություն չեն հայտնել Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի զոհված անդամների հարազատներին, չէ՞ որ, ի վերջո, գործ ունենք ՀՀ 5  քաղաքացու մահվան հետ:

Ի դեպ, անձնակազմի զոհված հրամանատարը նախկին ռազմական օդաչու էր և զինված ուժերում ծառայել էր երկրի համար դժվարին՝ 90-ական թվականներին, հետո էր միայն տեղափոխվել քաղաքացիական ավիացիա:

Սակայն ի՞նչ կապ ունի, թե զոհվածներից յուրաքանչյուրն ի՞նչ է արել իր երկրի համար: Հարցն այն է, թե ի՞նչ է արել պետությունը, որ երկրի մտավոր կորիզը չլքի երկիրը և, կյանքը վտանգելով, չգնա աշխատելու աֆրիկական ինչ-որ երկրում: Ինչևէ…

Դեռևս թարմ է նախորդ տարի նոյեմբերի 12-ին ռազմական Մի-24 ուղղաթիռի խոցման պատմությունը: Այն ժամանակ որոշ այրեր, իրենք իրենց խաբելով ու զոհվածների հարազատների վիշտն իբր փարատելով, հերոսի կոչում տվեցին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին, մինչդեռ՝ բոլորին է քաջ հայտնի, որ տղաները, քաջածանոթ լինելով թռիչքուղուն, պարզապես առաջանորդվել էին ինչ-որ մեկի անհեռատես հաշվարկներով արված գծագրով: Ոչ ոք չի մոռացել, թե դեպքից քանի՞ օր անց միայն օդաչուների աճյունները վերադարձվեցին ծնողներին...

Իսկ հիմա՞ ում եք սպասում: Մի՞թե տեղին է զոհվածին «իմ ու քո» անելը, հույսը տաջիկների վրա դնելը, երբը խոսքը վերաբերում է քո երկրի քաղաքացուն: Սպասում եք, թե ուր որ է տաջիկական ընկերությունը ծախսերը կվերցնի իր վրա՞ ու հատուկ չվերթով Հայաստանի քաղաքացիների դիերը կուղարկի Հայաստա՞ն: Իսկ ո՞վ է հիշում, թե երեք տարի առաջ նոյեմբերին Կոնգոյում կործանված ինքնաթիռի անձնակազմի 5 հայ անդամների դիերն ինչպես տեղափոխեցին Հայաստան. միայն մեկ ամիս անց ավիաընկերության և հարազատների ջանքերով նրանց աճյունները բերվեցին Հայաստան: Այն ժամանակ էլ էր պետությունը «ձեռքերը լվացել», որովհետև մարդիկ Կոնգոյում էին զոհվել՝ այլազգիների համար ինչ-որ բեռ տեղափոխելիս:

Հարավային Սուդանում էլ մեր հայրենակիցները դարն ապրած օդանավով էին բեռ տեղափոխում: Ասում են՝ բեռը նախատեսվածից ավելի էր, և հնարավոր է՝ հենց դա էլ եղել օդանավի կործանման պատճառը: Կարծում եք՝ օդաչուները չգիտեի՞ն, որ վտանգավոր է 45 տարի շահագործվող օդանավով թռչելն ու նախատեսվածից ավելի բեռ փոխադրելը: Իհարկե, գիտեին, բայց տեղափոխել են, չէ՞, որովհետև այդպես է հրահանգված եղել, որովհետև նրանց աշխատանքն է այդպիսին՝ բարձրանալ օդ, ամեն անգամ՝ վախը սրտում, այն զգացումով, որ դա իրենց վերջին թռիչքն է:

Եվ այս ողբերգության ֆոնին զոհվածների աճյունների ճակատագիրը թողնել տաջիկական ինչ-որ ընկերության քմահաճույքին, իսկ հարազատներին ասել, որ պետությունն այստեղ անելիք չունի, նույնն է, թե մարդուն բացեիբաց ասել ՝ «թքած ունեմ քեզ վրա»:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ