Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամիս, իսկ քաղաքական դաշտում գրեթե հստակություն չկա: Առավել անհայտ է իշխող Հանրապետական կուսակցության ցուցակների հարցը: Եթե Հանրապետականի վերնախավն առաջ հորդորում էր սպասել ՀՀԿ խորհրդի նիստին, որի ժամանակ պետք է հստակություն մտցվեր, ապա հիմա բոլորը նշում են, որ սահմանված ժամկետում ՀՀԿ նախընտրական ցուցակը պարզ կլինի:
Հատկապես մշուշոտ է, այսպես ասած, հանրապետական կանանց ճակատագիրը: Նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո ժողովրդի շրջանում լայն քննարկման առարկա էր դարձել այն, որ ՀՀԿ կանայք շատ նման են միմյանց: Խոսվում էր նրանց սանրվածքի, ոճի, նույնիսկ խոսելաձևի նմանության մասին: Իսկ նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին գովել հարազատ կուսակցությունը, նրա ղեկավարությանը` արդարացնելով նրա կատարած ցանկացած քայլ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հատկապես շատ քննարկվեց եւ քննադատության արժանացավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Սակայն այսօր, կարծես, նրանք այս քաղաքական թոհուբոհի մեջ մնացել են քաղաքականության լուսանցքում:
Հարկ է նշել, որ, ըստ տարածվող լուրերի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կանանցից շատերին չի ցանկանում տեսնել հաջորդ խորհրդարանում: Ըստ մամուլում տարածված լուրերի` ՀՀԿ կանայք պայքար են մղում միմյանց դեմ համապետական ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: Թերևս միակ հստակ բանն այն է, որ կանանց ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀԿ խմբակցության կանանց հետ` որևէ տեղեկություն ստանալու ակնկալիքով, արդյո՞ք նրանք կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրանցից շատերը պարզապես չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Շուշան Պետրոսյանը, օրինակ ,նշեց, որ 1.5 ամսից նոր հստակություն կմտցվի և պարզ կլինի` կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Իսկ նա հիմա այլ հարցերով է զբաղված` մի ծրագրի վրա է աշխատում:
Կարրինե Աճեմյանն էլ նշեց, որ դեռ ոչինչ պարզ չէ:
Մարգարիտ Եսայանը հայտնեց, որ քննարկումների մեջ է, և արդեն փետրվարի առաջին տասնօրյակում ամեն բան պարզ կլինի:
Հովիկ Աբրահամյանի զարմուհին՝ Կարինե Պողոսյանը, եւ Մհեր Սեդրակյանի ընտրատարածքում գրանցված Ռուզաննա Մուրադյանն էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
Ինչևէ, սպասենք և տեսնենք, թե ինչպես կդասավորվի այս կանանց ճակատագիրը:
Ամալյա Առաքելյան