կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-04 09:56
Հասարակություն

Մանրամասներ` «Լայթ հաուս»-ում 1 ամսական երեխայի մահվան դեպքի հետ կապված. «Հրապարակ»

Մանրամասներ` «Լայթ հաուս»-ում 1 ամսական երեխայի մահվան դեպքի հետ կապված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նոյեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, «Լայթ հաուս» բարեգործական կազմակերպությունում մեկ ամսական երեխա է մահացել: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ մայրը երեկոյան ժամը 10-ին երեխային կերակրել քնեցրել է: Ժամը 3-ի կողմերը, երբ արթնացել է, որ փոքրիկին նորից կերակրի, տեսել է երեխան մեռած է: Թե ինչն է եղել փոքրիկի մահվան պատճառը, պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մահացած երեխայի մայրը 17 տարեկան է:

«Մինչև ծննդաբերելը 17-ամյա կինն ամուսնու և ծնողների հետ Կարբիի սարերում անասուն է պահել: Երեխայի ծնվելու օրը նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է, ապա մորն ու մանկանը միասին բերել են «Լայթ հաուս»,- փոխանցել է ոստիկանության աշխատակիցը: Ըստ նրա՝ մեկ ամսվա ընթացքում որևէ մեկը, այդ թվում և ամուսինը, կնոջն ու նորածին որդուն տեսակցության չեն եկել:

Թերթի տեղեկացմամբ՝ մեկ ամսվա ընթացքում մանկան մոտ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Դեպքից մեկ օր առաջ երեխայի մայրը փոքրիկին Պտղունքի բուժամբուլատորիա է տարել, վիտամին D է ստացել: «Լայթ հաուս»-ի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակով է իրենց մոտ տեղափոխվել մահացած երեխայի մայրը: «Ձեր որևէ հարցին պատասխանել չեմ կարող, քանի որ գործը նախաքննության փուլում է»,- ասել է հաստատության տնօրենը:

Ինչպես լրատվամիջոցն է ներկայացնում, «Լայթ հաուս»-ը բռնության ենթարկված և անտուն կանանց օթևան է, որը գտնվում է Էջմիածնի տարածաշրջանի Պտղունք գյուղում: Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից, որտեղ էլ այս օրերին գտնվում է կազմակերպության տնօրենը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: