Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՏՄՊՊՀ-ն իր այսօրվա նիստում իրականությանը չհամապատասխանող կամ մասամբ համապատասխանող զեղչեր հայտարարելու եւ սպառողներին մոլորեցնելու պատճառով ու սխալ զեղչային եւ գովազդային քաղաքականություն իրականացնելու համար խիստ նախազգուշացումներ հայտարարեց մի շարք խանութների ու մեկ դեղատան:
ՏՄՊՊՀ-ն դիտանցումներ է իրականացրել հագուստի, կոսմետիկայի եւ այլ վաճառքով զբաղվող մի շարք խանութներում` դրանց զեղչային քաղաքականությունը ուսումնասիրելու նպատակով: Արդյունքում` հանձնաժողովը պարզել է, որ տասնյակ դեպքերում խանութների դիմապակիներին փակցված զեղչերը իրականությանը չեն համապատասխանում, կամ` նշված է 50, 70 եւ այլ զեղչ` խանութի ամբողջ տեսականու համար, սակայն այդ զեղչերը տարածվում են ապրանքների մի մասի վրա միայն:
Նման կերպ տնտեսվարողները, ինչպես նշեց ՏՄՊՊՀ անդամ Արտյոմ Հովհաննիսյանը, ակնհայտորեն մոլորեցրել են սպառողներին, ովքեր, գայթակղվելով այդ առաջարկներով, այցելել են խանութներ ու տեղում պարզել, որ այդ զեղչերը կա'մ չեն գործում, կա'մ գործում են հիմնականում հին հավաքածուների վրա:
Այդպիսի զեղչային քաղաքականություն իրականացրել են` «Ռուժ Բուտե»` «Ռուժ» խանութներ, «Բեներիկ»` «Բեյսիկ Հաուս» խանութ, «Գոհար-Անի»` «Կաշառել» խանութ, «Լիգա Էլ ընդ Ջի»` «Օրկեստրա» խանութ, «Լիոնելա»` «Մի-մի» խանութ սրահ, «Մարտին-ՊՕ»` «Բուգատտի» խանութ-սրահ, «Նավավան»` «Բրենդաութլեթ» խանութ, «Սավոյ»` «Շոկոլադ» խանութ-սրահ, «Վենետիկ Սթայլ»` «Վենեցիա» խանութ-սրահ, «Վիա Արտիս»` «Մոսկինո» խանութ-սրահ, «Ալիսա-Հայկ»` «Գեսս» խանութ սրա ընկերություններն ու «Վարդալ Ֆարմ» դեղատունը:
Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ ընկերություններն այս խախտումները դիտավորյալ չեն կատարել, այլ օրենքի չիմացության արդյունքում, ինչը հաստատեցին ու իրենց խախտումներն ընդունեցին նաեւ երկու տնտեսվարողների ներկայացուցիչները:
ՏՄՊՊՀ որոշմամբ` այս ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում` խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու հանձնարարականով: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշեց, որ նման «տուգանք» կիրառելը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր ընկերությունները ընդունել են իրենց մեղքը, անմիջապես վերացրել են նկատված խախտումներն ու բացթողումները, ինչպես նաեւ ոչ թե հասարակական նշանակության, այլ բրենդային խանութներ են, ուր քիչ թվով մարդիկ են հաճախում: Նման վճռի կայացման համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ նշված բոլոր ընկերությունները միջին բիզնեսի ներկայացուցիչներ են: