կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-08 17:17
Հասարակություն

Տեղի ունեցավ Արտակ Մովսիսյանի «Հայաստանն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների» գրքի շնորհանդեսը

ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպված՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողովում տեղի ունեցավ նաև Արտակ Մովսիսյանի «Հայաստաննն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների» գրքի շնորհանդեսը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ի դեպ, սա հենց այն գիրքն է, որի վրա պատմաբանը աշխատում էր նաև հիվանդանոցում՝ կյանքի վերջին օրերին։

Աշխատության համահեղինակներից՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանն ասաց՝ այն հրատարակվել է Արտակ Մովսիսյանի մահվանից 50 օր հետո։ Թեման իրականացվում էր Գիտության պետական կոմիտեի կողմից ներկայացված ծրագրով։

«Պրն․ Մովսիսյանը մեր խմբի ամենաշատ գործ անողն էր թե՛ ինձանից, թե Լիանա Կարապետյանից շատ, գործի 70-80 տոկոսն ինքն էր անում։ Որպես ղեկավար ոչ թե պարտադրում էր, այլ փորձում էր երիտասարդներին նոր հնարավորություններ ընձեռել գիտական թեմաների մեջ ներառելու միջոցով»,-ասաց Միքայել Մալխասյանը։

Գրքում առանձնացվել է երկու հատված՝ ուսումնասիրություններ և անտիկ սկզբնաղբյուների պատմաաշխարհագրական տեղեկությունների քրեստոմատիա։

Նախագծի նպատակն այն է եղել, որ, ըստ Արտակ Մովսիսյանի, պետք է դուրս բերվեին անտիկ աղբյուրներից այն տեղեկությունները, որոնք կոնկրետ պատմաաշխարհագրական նշանակություն ունեին, և դրանք նա մտադիր էր օգտագործել ոչ թե ուղղակի զուտ գիտական շրջանառության համար, այլ նաև որպես պայքարի միջոց՝ այդ շրջանի մեր պատմության կեղծման դեմ։

Եվ նույնիսկ մտահղացում է ունեցել, որ կարճ հոլովակներ պետք է պատրաստվեին, օրինակ, Հերոդոտոսը՝ Հայաստանի մասին և այլն, ինչն առայսօր իրականություն չի դարձել։