Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի լրացուցիչ փաթեթը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը չի ընդունել առաջարկությունների հիմնական մասը:
ՀՅԴ խմբակցությունը կողմ է վարձատրության միասնական համակարգին, քանի որ երկար տարիներ է պայքարել այդ օրենքի նախագծի համար: Խոսքը 36 հազար պետական պաշտոնյաների մասին է, սակայն, պատգամավորի խոսքով, կարևոր է, որ հետագայում այդ օրենքը զարգացում ունենա ու տարածվի նաև հանրային ծառայողների վրա: Ըստ այդմ` կրթական ու առողջապահական համակարգերը հետագայում նույնպես պետք է մտնեն այդ դաշտ:
Արծվիկ Մինասյանի կարծիքով` կրթական հաստատություններում, հատկապես` հանրակրթական դպրոցներում վարձատրության համակարգը աննորմալ վիճակում է: Սահմանվել է ինչ-որ ժամանաքանակ ուսուցիչների համար, դրանով ուսուցիչների վրա բեռն ավելացել է, արդյունքում ստացվում է, որ ուսուցիչը վճարվում է միայն դասարան մտնելու համար, իսկ մնացած բեռնվածության համար չի վճարվում, ինչը անարդար մոտեցում է: Պատգամավորը մատնանշեց նաև առողջապահության ոլորտը, որտեղ նույնպես չկա արդար վարձատրություն, ինչը նշանակում է, որ չենք կարող ակնկալել որակյալ բժշկություն:
Ահա, թե ինչու պետական քաղաքականությունը վարձատրության պարագայում պետք է միասնական լինի:
«Չի կարող մի հիվանդանոցում դոկտոր-պրոֆեսոր վիրաբույժը ստանա 50 հազար դրամ: Մեզանից յուրաքանչյուրը կմտածի` ուրեմն` նա լավ մասնագետ չէ, որ այդքան է ստանում: Հերիք չէ նրան արժանվույնս չենք գնահատում, նման վարձատրությամբ մղում ենք այլ գործողությունների կամ կոռուպցիայի»,- ասաց նա` ևս մեկ անգամ կարևորելով վարձատրության միասնական համակարգը, որը ապագայում նաև մասնավոր սեկտորին ցույց կտա, թե ինչպես իրականացնել վարձատրություն:
Այս թեմայի համատեքստում, խոսելով պետական գնումների ոլորտի մասին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ոլորտում մասնակցություն ունեցող ցանկացած մասնավոր սուբյեկտի սահմանած վարձատրությունը չպետք է ավելի նվազ լինի, քան հանրային ծառայության համակարգում է: