|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Խոհարարի միջազգային օրն է: Օրն ընտրվել է 2004-ին` Խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հայկական խոհանոցը տարեցտարի ավելի հանրահայտ է դառնում:
Ըստ նրա` Հայաստանում այսօր շատերն են ցանկանում խոհարար դառնալ: «Եթե 15-20 տարի առաջ բոլոր ուսումնական կենտրոնները խնդիրներ ունեին խոհարարի մասնագիտության առումով, քանի որ դիմորդներ չկային, և մարդիկ անգամ գնում էին գյուղերը, որպեսզի համոզեն երիտասարդներին խոհարարությունն ընտրել, ապա այսօր չկա նման խնդիր: Ավելին` բոլոր այն ուսումնարանները, որոնք չունեն խոհարարության բաժին, հիմա անում են ամեն ինչ, որպեսզի լրացնեն այդ բացը»,- ասաց Մամուլյանը:
Նա նշեց նաև, որ իրենց ՀԿ-ն Հնդկաստանում անցկացվող խոհարարների օլիմպիադային մասնակցելու հրավեր է ստացել, սակայն իրենք ի վիճակի չեն հոգալ ճանապարհածախսը և հիմա չգիտեն` ինչ անել: «Մենք նաև հավաքագրված նյութեր ունենք հայկական խոհանոցի, կերակրատեսակների մասին, որը տպագրել նույնպես չենք կարող: Այսինքն` կան հարցեր, որոնք ինչքան էլ ուզենք, որ լուծվեն, մեր ձեռքին չեն լուծման տարբերակները»,- նշեց Մամուլյանը: