կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 11:55
Քաղաքական

Վանաձորցիները ՀՅԴ-ի մոտեցումները արդյունավետ են համարում. Նելսոն Մամուլյան

Վանաձորցիները ՀՅԴ-ի մոտեցումները արդյունավետ են համարում. Նելսոն Մամուլյան

Վանաձորում արդեն ամփոփում են քարոզարշավի ընդհանուր պատկերը: «Եթե նայենք Դաշնակցության դիտակետից, ապա ինչ պլանավորել էր մեր շտաբը, այդպես էլ առաջ գնացինք: Քարոզարշավը մեր կողմից տարվեց այնպես, որ շեշտը դրվեց թիմի վրա, այսինքն` համամասնական ձևաչափով»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու  ՀՅԴ ցուցակը գլխավորող` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատու Նելսոն Մամուլյանը:

«Ի տարբերություն մեզ, քարոզարշավի ընթացքում մյուս կուսակցությունները ավելի շատ անձնակենտրոն քարոզարշավ էին անում, համամասնականի տպավորություն չէր թողնում. կար առաջին անձ, թիմի բացակայություն»,- ասաց նա` հավելելով, որ իրենք թիմով են հանդես գալիս, հետագայում այդ թիմի կարողությունները ներդնելու են Վանաձորի զարգացման գործում:

Ըստ Մամուլյանի` իրենք ունեցել են բազմաթիվ հանդիպումներ, շփումներ ժողովրդի, տարբեր կոլեկտիվների հետ, նաև ԶԼՄ-ների միջոցով են իրենց տեսակետը ներկայացրել: «Ամենաարդյունավետը բնակիչների հետ հանդիպումներն էին: Դրանց ժամանակ շատ ավելի անմիջական է ստացվում և\' քննարկելը, և\' բանավիճելը: Վանաձորցիները Դաշնակցության տեսակետներն ու մոտեցումները լսում էին և համարում, որ դրանք շատ արդյունավետ են»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ վանաձորցիներն այս պահին խոստումների պակաս չունեն: «Մարդիկ առաջին հերթին ոչ միայն ուզում են լսել խոստումներ, այլև որոշակի լուծումներ տեսնել, ինչը նրանց վստահություն կներշնչի: Նրանք սպասում են, որ շուտով քաղաքում գլոբալ բան կփոխվի, կառավարման որակը կփոխվի: Այսօր ժողովրդի մոտ այս խնդիրներն են: Թե չէ, խոստումների առումով, պակաս չկա այլ կուսակցութոյւններից, խոստումներ, որոնք օդից են, որոնք անձի կողմից են արված, ուստի արդեն կասկած է հարուցում այդ խոստման իսկությունը»,- նշեց Մամուլյանը:

Ըստ նրա`  վանաձորցին լսեց, որ Դաշնակցությունն իր ամբողջ թիմով է և վճռական է տրամադրված` քաղաքի կառավարումը ստանձնելու առումով, և այդ ստանձման հետևում ծրագրեր կան, մոտեցումներ: Մամուլյանն ընդգծեց, որ հատկապես շատ հետաքրքրել է Դաշնակցության ներուժն ի շահ Վանաձորի օգտագործելու` իրենց առաջարկը:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ այլ քաղաքական ուժերի կողմից հակաքարոզչությունն է եղել ՀՅԴ-ի դեմ: «Հիմնականում, երբ այլևս ասելու բան չի լինում, նորից ի հայտ են գալիս կրկնվող շահարկումները: Մեր թիմի դեմ հակաքարոզչությունը տարվում էր այն ուղղությամբ, թե  իշխանության մաս եք, կոալիցիա եք կազմել և այլն: Մենք միանշանակ կտրում էինք այդ թելը և ասում, որ կոալիցիոն հուշագիրը համապետական նշանակություն ունի, իսկ Վանաձորի զարգացման համար մենք կհամագործակցենք ցանկացած փորձառու թիմի հետ, ում հետ, որ ընդհանուր եզրեր կունենանք, և կապ չունի, թե ինչ կուսակցություն է և ում է ներկայացնում»,- ասաց նա:

Մամուլյանը չցանկացավ նախօրոք կանխատեսումներ անել ընտրության ելքի մասին, բայց նշեց, որ իրենք բավականաչափ մանդատներ կունենան: «Կտեսնենք հոկտեմբերի 2-ին, ամեն ինչ կախված է ընտրողից: Մի բան ակնհայտ է` երբ զրուցում ես մարդկանց հետ, նրանք շեշտում են, որ ռեալ փոփոխություններ են ուզում Վանաձորում»,- ասաց նա: