Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի, համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Շտուտգարդտի մշակույթի բաժնի, ինտեգրման նախարարության, ինչպես նաև մասնավոր հովանավորների աջակցությամբ՝ հոկտեմբերի 19-31-ը Շտուտգարդտում կանցկացվեն «Հայ մշակույթի օրեր»:
2011 թվականին կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած «Հայ մշակույթի օրերը» այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մշակույթի օրերին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային գործիչներ, անհատ կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ:
Մշակույթի օրերի շրջանակում կներկայացվեն ժողովրդական («Դաբաղյան» քառյակ, «Էնկանտո» բրազիլական երգչախումբ, Գուրգեն Բավեյան, Դիանա Սահակյան), հոգևոր (Անուշ Քարավիրտ, Լուիզա Սպահն, Քրիստինա Ալթունյան), դասական (Արտակ Կիրակոսյան, Իզաբելա Մելքոնյան, Հրայր Աճեմյան) և ջազային (Արմեն Թութունջյան, Քյոլնի ջազ համույթ) երաժշտություն: Կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ և գրքի շնորհանդես (Միհրան Դաբաղ, Սիբիլե Թելեն, Գայանե Այսլեր, Դողան Ակհանլի, Բենյամին Եհմալեան):
Իրմա Սաֆրազբեկյանը հանդես կգա Հ. Թումանյանի ստեղծագործական գործունեության մասին դասախոսությամբ, որին կհաջորդի հեքիաթների ընթերցում ու բեմադրություն:
Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա նաև հայկական տարազների ցուցադրություն (Յուլյա Մութլու), ինչպես նաև կկայանա Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանության փողային նվագախմբի ելույթը: