| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրքմենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը, որը կգլխավորի Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան:
Ստեղծագործական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Թուրքմենստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը, համերգներով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Մշակույթի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի և թանգարանային առարկաների ցուցահանդես:
Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարտի 26-ին Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակությունը ելույթով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28-ին` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը: Նշենք նաև, որ այդ օրերին կկայանա Թուրքմենստանին նվիրված մանկական նկարների ցուցահանդես-մրցույթը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման ժամանակ: