կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 16:52
Մշակույթ

Հայկական մշակույթի օրեր` Ուկրաինայում

Հայկական մշակույթի օրեր` Ուկրաինայում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց` հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:

Պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրերի շրջանակներում հուլիսի 1-ին Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միությունում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմերով կմեկնարկի հայկական ֆիլմերի ցուցադրությունը, ընդհանուր առմամբ կցուցադրվի 12 ֆիլմ:

Հուլիսի 2-ին Ուկրաինայի գրականության ազգային թանգարանում Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից կներկայացվեն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքները. ցուցահանդեսն իրենց ներկայությամբ կպատվեն երկու երկրների նախագահները:

Ցուցահանդեսում ընդգրկվել են նաև հայկական Սբ Հռիփսիմե եկեղեցու նկարազարդումների էսքիզները, որոնք վերաբերում են Սուրենյանցի կյանքի ուկրաինական շրջանին (1917թ. Յալթա)։ Ցուցահանդեսը կուղեկցվի նաև մեծանուն արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Նույն օրը Ուկրաինայի գրողների ազգային միությունում կկայանա հայ և ուկրաինացի գրողների ու թարգմանիչների հանդիպում- կլոր սեղանը: Հանդիպման շրջանակներում կկայանա Միրոն Նեստերչուկի «Հայաստանի պոեզիան» /թարգմանիչ եւ խմբագիր/ երկլեզու գրքի շնորհանդեսը:

Ուկրաինայում հայկական մշակույթի օրերը կնշանավորվեն հուլիսի 2-ին Կիևում` ազգային օպերային թատրոնում անցկացվող գալա համերգով: Ծրագրում հանդես կգան հայաստանյան անվանի «Կադանս», «Շարակ» կոլեկտիվները, Գևորգ Դաբաղյանը և ժողգործիքների անսամբլը, Ինգա և Անուշ Արշակյանները: Սայաթ-Նովայի ուկրաիներեն ընթերցումներով հանդես կգա նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

Օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի Զավեն Սարգսյանի հեղինակած «Հայկական հետքը Ուկրաինայում» ֆոտոցուցահանդեսը: Թվով 22 աշխատանքներում պատկերված են Կիևում, Թեոդոսիայում, Լվովում, Կամանեց Պոդոլսկում, Յալթայում պահպանված հայկական պատմամշակութային ժառանգության պատառիկները:

Ուկրաինայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում հայ արվեստը կներկայացվի նաև հայաշատ Օդեսայում: