կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 22:08
Մշակույթ

Իսրայելում կանցկացվեն հայ մշակույթի օրեր. «Բարեկամություն», «Կադանս» Արշակյան քույրեր

Իսրայելում կանցկացվեն հայ մշակույթի օրեր. «Բարեկամություն», «Կադանս» Արշակյան քույրեր

Հուլիսի 7-ից 14-ը Իսրայելում կանցկացվեն հայ մշակույթի օրեր: Հայկական պատվիրակությունը կգլխավորի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Մշակույթի օրերի ծրագրով նախատեսվում են «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի, «Կադանս» երաժշտական անսամբլի, Ինգա և Անուշ Արշակյանների համերգները Թել Ավիվում և Հայֆայում: «Բարեկամություն» համույթը Իսրայելի Կարմիել քաղաքում կմասնակցի նաև միջազգային փառատոնի:

 

Կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդես:

 

Այցի ընթացքում Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իսրայելի Քնեսեթի խոսնակի և պատգամավորների, Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալի, մշակույթի և սպորտի նախարարի, Թել Ավիվի և Նազարեթի քաղաքապետների հետ:

 

Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հայ-իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերը և կհստակեցվեն 2015 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը: Նախատեսվում է, որ Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և կհանդիպի հայ համայնքին:

 

Իսրայելում հայ մշակույթի օրերը կանցկացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. ստորագրված համագործակցության աշխատանքային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Երուսաղեմի և սփյուռքի նախարար Նաֆթալի Բենեթի հրավերով: