կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-06 15:04
Հասարակություն

Թող Զառա Արամյանը պատասխանի, թե ինչի հիման վրա է ինքն այդ նվերը ստանում

Թող Զառա Արամյանը պատասխանի, թե ինչի հիման վրա է ինքն այդ նվերը ստանում

Տեղեկացրել էինք, որ քաղաքապետարանը բնակարան կնվիրի հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Yerkir.am_ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամեն տարի Էրեբունի-Երևան տոնի նախօրեին նման պարգևատրում է լինում, և որոշ արվեստագետների տրվում է բնակարան: 2014-ին, օրինակ, Վարդուհի Վարդերեսյանը ստացավ բնակարան:

«Սա վերաբերմունք է մեր արվեստագետների նկատմամբ: Իմ կարծիքով` վատ չի, եթե դա տարածվի շատ ավելի լայն սոցիալական խմբերի վրա: Այդտեղ բացասական բան չեմ տեսնում»,- ասաց Բախշյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս են որոշում `ում տալ, ում` ոչ, ապա, ըստ նրա, թող քաղաքապետարանն էլ բացատրի դա: «Թող Զառա Արամյանը պատասխանի, թե ինչի հիման վրա է ինքն այդ նվերը ստանում: Դեմ չեմ, որ իրեն էլ նվիրեն, չնայած շատ լավ հասկանում եմ, որ շատ տարբերակված մոտեցում է, որովհետև կան արվեստագետներ, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը, բայց քաղաքապետարանի թիկունքի տակ չեն պարում ու այդ նվերին չեն արժանանում: Իսկ, օրինակ, Դավիթ Ամալյանի հետ կապված` 4 ձեռքով կողմ եմ, նա շատ արժանիքներ ունի»,- ասաց ավագանու անդամը:

Անահիտ Բախշյանը նշեց նաև, որ բոլորին էլ կողմ է քվեարկելու` թող բոլորն էլ տան տեր դառնան: «Թող դրանից ոգևորվեն ու ավելի լավ ծառայեն երկրին, որ մարդիկ էլ լսեն նրանց բնակարան տալու մասին լուրն ու ասեն. «Հալալ ա»»,- նշեց նա: