|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը եղել է հայտարարագրած գումարի վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ինչ–որ գործի մասին է, որը նախաձեռնվել է հայտարարագրված կանխիկ գումարի և զարդերի հիման վրա։ Սաղաթելյանից պահանջել են այդ կանխիկ գումարը ցույց տալ, ինչին ի պատասխան պատգամավորը նշել է, որ այդ ամենն ի պահ է տրված այլ անձի։ Հաստատել է, որ կներկայացնի, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք, բայց փաստորեն չեն տվել այդ ժամանակը։ Անհասկանալի է, թե ինչի համար է այդ գերհրատապությունը, քանի որ բազմաթիվ այլ գործերով ԴԱՀԿ–ն (ներկայում` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն–խմբ.) անգործություն է ցուցաբերում»,– ասաց Հարությունյանը։
Նա տեղի ունեցածն անվանեց շոու։ Նշեց` խուզարկության ժամանակ մեծաթիվ ոստիկաններով շրջապատել էին շենքը, այն դեպքում, երբ տեխնիկական մասն ապահովելու համար 2-3 ոստիկանի առկայությունը լիարժեք բավարար կլիներ։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սաղաթելյանը դեռ կարգավիճակ չունի` փաստաբանը նշեց` չի կարող դեռ նման բան լինել, քանի որ 2 ընթացակարգ պետք է իրականացվի։ Առաջինի դեպքում նրան պետք է զրկեն պատգամավորի անձեռնմխելիությունից, մյուս դեպքում էլ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից։
Այդ գործընթացներից հետո միայն Սաղաթելյանը կարող է տվյալ գործի շրջանակում կարգավիճակ ունենալ, խափանման միջոցի ենթարկվել։
Փաստաբանը նաև ընդգծեց, որ արդեն սկսել են նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներգրավել տարբեր գործընցացներում, ու սա առաջին դեպքը չէ։ Մինչ այս էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի ժամանակ է այդպիսի նախադեպ գրանցվել։
Պնդեց` այս ամենում քաղաքական տարրեր են առկա ու իրավապահ համակարգի կողմից այսօր կարող են տեղի ունենալ նույնիսկ անհավանական գործողություններ։