կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-05 15:30
Հասարակություն

Քահանան աքսորավայրում ենթարկվել է ոստիկանների հալածանքներին ու ծանր հիվանդացել

Քահանան աքսորավայրում ենթարկվել է ոստիկանների հալածանքներին ու ծանր հիվանդացել

Աղբյուրը՝ armeniangenocide100

Վարդան քահանա Գարակեոզեան

1877 թ.

Վարդան քահանա Գարակեոզեանը պոլսահայ մտավորականների հետ աքսորվել է Չանղրի՝ ութ ամսվա ընթացքում ենթարկվելով ոստիկանների հալածանքներին ու երկարատև հիվանդանության: Նաև ականատես է եղել աշխարհական բախտակից ընկերների փոխադրման սրտաճմլիկ տեսարաններին: 32 հոգու թույլատրել են հեռանալ մի պայմանով. կարող էին բնակություն հաստատել որտեղ ցանկանան, բացի Պոլսից: Վարդան քահանան 8 ընկերոջ հետ հաստատվում է Ուշաղում՝ շարունակելով ապրել ոստիկանների խիստ հսկողության ներքո:

 

Ծնած է 15 Յուլիս 1877ին՝ Գում-Գափու, աշխարհական անուամբ Ովրեստէս: Ուսումը Մայր Վարժարան ստանալէ վերջ՝ պահ մը դեղագործութեամբ եւ առեւտուրով կը պարապի: 96-ի սկիզբը կ՚՚անցնի Մեծ-Նոր գիւղ (Եալօվա), ուր իբր ուսուցիչ եւ երաժիշտ պաշտօնավարած միջոցին, Պանքայի դէպքին՝ իբր յեղափոխական ձերբակալուելով, 21 օր Փաղարքէօյ բանտարկուելէ յետոյ կը փախչի Պօլիս, ուր դարձեալ կը բանտարկուի 16 օր: Ազատ արձակուելուն՝ կը մեկնի Ոուսճուգ,  1898-1900 պաշտօնավարելով տեղւոյն Ազգ. Վարժարանին մէջ դաստիարակ-երաժիշտի պաշտօնով, երբ Սապահգիւլեան տեսուչ էր հոն: 1900 գարնան կը դառնայ ծննդավայր, Ֆերիքէոյի թաղ. խորհրդոյ քարտուղար եւ  «Վարդանանց»–ի դպրապետ կարգուելով, մինչեւ քահանայ ձեռնադրուիլը նոյն եկեղեցիին վրայ 30 Ապրիլ 1907-ին՝ Հմայեակ Արքեպսկ. Դիմաքսեանէ:


Ինք եւս Պօլսահայ մտաւորականներու խումբին հետ աքսորուած է Չանղըրի, ութամսեայ վտարանդի կեանքին մէջ ենթարկուելով ոստիկանական հալածանքներու եւ երկարատեւ հիւանդութեան, նաեւ ականատես ըլլալով աշխարհական բախտակից ընկերներու այլուր փոխադրութեան սրտաճմլիկ տեսարաններուն:

Մնացածներէն 32 հոգիի՝ Պօլսէն զատ ամէն տեղ բակելու մասին տրուած արտօնութենէն օգտուելով, Հոկտ. 1915-ին 8 ընկերներով ճամբայ կ՚իյնայ եւ դժնդակ ուղեւորութենէ մը վերջ կը ժամանէ Ուշաղ, Յովհան վարդապետի, Չերազ Գասպարի եւ Շամտանճեան Միքայէլի հետ ընկերովի, շարունակելով ապրիլ ոստիկանական խիստ հսկողութեան տակ, հոն երբեմն առեւտուրով, երբեմն բժշկութեամբ եւ վերջերս ալ Ազգ. Վարժարանին մէջ ուսուցչութեամբ պարապելով: 17 Նոյ. 1918-ին աքսորակից նոյն անձերուն հետ կը դառնայ Պօլիս եւ կը շարունակէ քահանայագործել միեւնոյն եկեղեցին:

 

Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. Տպագրութիւն, Թեհրան, 2014, 842 էջ, էջ 34: