Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ուսուցչի օրվա» նախաշեմին ԿԳՆ-ում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը: Երևանից և մարզերից 44 ուսուցիչներ արժանացան շնորհակալագրերի, պատվոգրերի և ոսկե մեդալների:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորելով մանկավարժներին նշեց, որ իրականում ամենամեծ պարգևը նրանց կողմից դաստիարակվող երեխաների հասած հաջողություններ են և դպրոցն ավարտած շրջանավարտների հեռախոսազանգերն ուսուցիչներին:
«Ուսուցչի աշխատանքը նման է պտղատու այգի մշակողի աշխատանքին, որը տարիներ անց է տեսնում իր աշխատանքի պտուղները, սակայն այդ պտուղներն արժեն այն աշխատանքը, այն քրտինքն ու առողջությունը, որն այդ տարիների ընթացքում ներդրել են գործում: Հանրապետության 38 000 ուսուցիչներից բոլորն էլ նվիրյալներ են, որոնք գիտեն իրենց առաքելությունը»,-ասաց Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կսպասի ոչ պաշտոնական նամակների, որոնք ոչ թե պարտադիր են, այլ` ցանկալի.«Գրեք, խնդրում եմ, ձեր առաջարկությունները, խնդիրները, բայց մի գրեք պաշտոնական նամակի ձևով, այլ` ընկերաբար: Հավատացեք, մենք ոչ թե կնեղանանք ձեր դիտողություններից, այլ` կուրախանանք: Մենք ուժեղ ենք միասին, և առանց ձեզ մենք ոչինչ են, իսկ մեր երեխաները չունեն ապագա. սա, ի դեպ, պաթոսային խոսք կամ բաժակաճառ չէ»:
Նախարարն ուրախությամբ նկատեց նաև, որ մանկավարժների շարքում մեծ թիվ են կազմում նաև արական սեռի ներկայացուցիչները: Աշոտյանը նշեց, որ միայն աշխատավարձերի բարձրացմամբ կարող են այնպես անել, որ տղամարդկանց թիվն ավելանա մանկավարժական համակարգում.«Մենք ավելի դժվար ժամանակներ ենք տեսել, երբ մանկավարժներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում, երբ մանկավարժի աշխատավարձն ավելի ցածր էր, քան միջին աշխատավարձը, սակայն այսօր պատկերն այլ է: Այո, մենք չենք կարող ֆինանսական բոլոր խնդիրները լուծել այնպես, ինչպես կուզեինք, բայց կամաց-կամաց քայլեր արվում են այդ ուղղությամբ»:
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Հռիփսիմե Խանզադյանը yerkir.am_ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գնահատումը, մանավանդ նախարարի կողմից, նոր ճանապարհ է բացում, ոգևորություն և շունչ տալիս.«Յուրաքանչյուր ուսուցիչ արժանի է նման պարգևի: Պետք է խոստովանեմ, որ երբևէ չեմ ակնկալել, որ շնորհակալագիր կստանամ նախարարի կողմից, չնայած արդեն 16 տարի է` ինչ դասավանդում եմ դպրոցում»:
Խանզադյանը նշում է, որ տարածված կարծիքը, թե աշակերտների որակը գնալով այն չէ դառնում, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ըստ ուսուցչուհու, տարեցտարի ավագ դպրոց հաճախող իրենց աշակերտներն ինձ ավելի ու ավելի են զարմացնում իրենց կարողություններով.«Ներկայիս սերունդն ավելի մեծ հմտություններ ունի, հմտություններ, որոնք պետք է մենք ճիշտ օգտագործենք: Անդունդը, որ առաջանում է ուսուցիչ-աշակերտի միջև, նրանից է, որ ուսուցիչը միշտ հետ է մնում` նոր սերունդը դեպի առաջ է գնում, ուսուցիչը պետք է հասցնի նրա հետևից հասնել, այսինքն` գտնի այն նոր մեթոդները, որոնց շնորհիվ կկարողանա աշակերտին ամեն օր դպրոց բերել: Աշակերտը պետք է ոգևորությամբ դպրոց մտնի»:
Տավուշի մարզի Սևքար գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհի Ռուզաննա Մայիլյանը, ով նույն ԿԳ նախարարի կողմից շնորհակալագրի էր արժանացել, նշեց, որ նման պարգևներն ավելի են ոգևորում մանկավարժին, մանավանդ` սահմանամերձ համայնքների:
«Մեզ մոտ մի քիչ այլ է իրավիճակը` մեր գյուղը գնդակոծության տակ է: Սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ մենք մեր աշխատանքն անենք այնպես, ինչպես մյուսները: 65 երեխա կա մեր մանկապարտեզում, այո, դժվարությամբ, բայց կարողանում ենք հաղթահարել խնդիրները: Ամենակարևորն այն է, որ երեխաների մեջ հայրենասիրություն ենք դաստիարակում, ուժ տալիս երեխաներին»,-ասում է տիկին Մայիլյանը:
Վերջինս նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, որ երեխաների` հենց մանկապարտեզում գտնվելու ժամանակ էլ սկսում է կրակահերթը, սակայն երեխաներն արդեն սովորել են դրան` խուճապ չի առաջանում.«Խաղի միջոցով սովորեցնում ենք երեխաներին` ինչպես հաղթահարել վախը: Չեմ կարող ասել, թե վախ չկա` վախ կա, բայց նաև հանգստություն կա` սահմանին մեր տղերքն են կանգնած»: