Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, թե իր ֆեյսբուքյան էջում տեղադրված` ՀՀԿ 16-րդ համագումարից լուսանկարը ինչու էր վերնագրված «պատմական»:
Պատասխանելով հարցին՝ համագումարը պատմական էր, որովհետև անձամբ ի՞նքն էր վարում այն և նստած էր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողքին, Աշոտյանը նախ բացատրեց, որ գործադիր մարմնի այդ կազմով անդրանիկ խմբային լուսանկարն էր դա, նաև իր համար ուշագրավ էր այն, որ ինքն անձամբ է լուսանկարել՝ իր հեռախոսով, և, որպես էքսկլյուզիվ նյութ, տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:
Այնուհետև Աշոտյանը փորձեց ՀՀԿ-ի քաղաքական գծի և ամերիկյան քաղաքակրթության միջև զուգահեռներ տանել: «Լինելով կանոնադրական համագումար՝ մենք կարողացանք օրենսդրական պահանջը զուգակցել` առկա քաղաքական վիճակի հետ կապված գնահատականներ հնչեցնելով, լուծումներ առաջարկել կուսակցությունը համալրելու խնդիրներով, և այս տեսակետից ՀՀԿ-ն նման է ամերիկյան քաղաքակրթությանը. ՀՀԿ-ն քաղաքական ձուլարան է, կուսակցություն, որն իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ՝ կապված այս կամ այն քաղաքական կամ հանրային գործչի մուտքի հետ»,- ասաց նա՝ իր խոսքն արժանահավատ դարձնելու համար բերելով մի քանի օրինակ. « Օրինակ` Վազգեն Սարգսյանի մուտքը ՀՀԿ, Սերժ Սարգսյանի մուտքը ՀՀԿ, Տիգրան Սարգսյանի մուտքը, այսօր խոսում ենք Կարեն Կարապետյանի մուտքի մասին»:
Պատասխանելով հիշեցմանը, թե ՀՀԿ համագումարի ընթացքում կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ասում էր, որ այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները, և արձագանքելով դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ՀՀԿ-ն, չնայած իր բազմահազար անդամներին և պարբերական թարմացումներին, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մարդ-կուսակցություն, և կուսակցությունում բոլոր կարևոր որոշումները կայացվում են բացառապես մեկ մարդու կողմից, որ Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր որևէ անգամ ականատես չենք եղել, որ կուսակցության նախագահի պաշտոնում որևէ այլ թեկնածու առաջադրվի, Աշոտյանը նշեց. «Մինչև որոշումների կայացումը` մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայական: Որոշումները կայացնելուց հետո դրանք պետք է խստագույնս կյանքի կոչվեն, և այս տեսակետից, կարծում եմ, որևէ զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն, բավականին տարբեր լինելով իր էությամբ, միշտ քաղաքական վճռական պահերին կայացնում ու կյանքի է կոչում միասնական որոշում: Տարիներ ի վեր լրագրողները գուժում են ՀՀԿ-ի աջ ու ձախ թևերի բախումների մասին, և եթե կան այդպիսիք, ինչո՞ւ ենք խոսում շատ կուռ վերտիկալի մասին: ՀՀԿ-ն տարբեր է, և ՀՀԿ-ի հարստությունը, քաղաքական առումով, հենց իր տարբերության մեջ է: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք, մենք կուսակցություն ենք, որ միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց արժեհամակարգային շրջանակը նույնն է»: