կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 13:17
Հասարակություն

1913 թվականից արդեն սկսվել էին հայերի հալածանքները

1913 թվականից արդեն սկսվել էին հայերի հալածանքները

Աղբյուրը` armeniangenocide100

Մաքրուխ և Սարգիս Ամրիկյանների պատմությունը

Ոզմ

Այս հուշագրության հեղինակներն են ոզմեցիներ Մաքրուխը և Սարգիս Ամրիկյանը, որոնց բանավոր ավանդած հուշերը 2008-ին գրի է առել Շերոնց Շուշանի և Ավդիշանց Փոխիկի միակ զավակի` 1911 թ. Ոզմում ծնված Զավեն Հովհաննիսյանի ավագ որդին` Տամշեր Հովհաննիսյանը (ծնվ. 1932 թ.): Տամշեր Հովհաննիսյանի մորական մեծ տատը` Մաքրուխը, և մեծ պապը` Անարխիստ մականվամբ Սարգիս Ռամոյանը (վախճ. 1936 թ.) նույնպես ոզմեցի են: Ամուսնացել են 1909 կամ 1910 թթ.: Համատեղ կյանքում ունեցել են 4 զավակ: Նրանք պատմել են Արևմտյան Հայաստանում իրենց կյանքի, գաղթի ճանապարհի և Անդրանիկի հետ ճակատագրական հանդիպման մասին:

 

«Պապս ու տատս ծնվել են Ոզմում: Պապս` Սարգիս Ռամոյի Շերոնցը (հետագայում վերցրել են Շերոյան ազգանունը), փոքրուց շատ աշխույժ երեխա է եղել, սիրել է ձի նստել, զենք քանդել, հավաքել: 15-16 տարեկանից մասնակցել է գյուղի և ուրիշ գյուղերից եկած գաղտնի կամավորական խմբերի ժողովներին: Ոզմում ստեղծված կամավորական «Ռազմիկ» խմբի ակտիվ անդամներից մեկն էր պապս` Ռամոյան Սարգիսը:

 

Սարգիս պապս հոր` Ռամոյի հետ միշտ գնում է արտագնա աշխատանքի: Ոզմեցի տղամարդիկ բոլորը գզրարներ էին. անեղ գործիքով բուրդ էին գզում, թաղիք պատրաստում: Տատիկս` Մաքրուխը, նույնպես ոզմեցի էր, բայց ապրում էր Վան քաղաքում, որտեղից էլ հարս բերեցին գյուղ: 1913 թվականից արդեն սկսվել էին հայերի հալածանքները:

 

Պապիկս մի քանի անգամ հանդիպել էր մեծ զորավար Անդրանիկին: 1914 թ. պապիկս արդեն հիսնապետ էր, և մականունը Անարխիստ էր: Կոտորածի և գաղթի առաջին օրերից հայ կամավորական խմբերով միշտ առաջավոր դիրքերում էր:

 

Մաքրուխ տատիս պատմածներից մի քանի դեպքեր կապված են մեծ զորավար Անդրանիկի հետ:

 

«Գաղթի ճանապարհին դադար էինք տվել մի գետի ափին, ծառերի տակ հանգստանում էինք,–  պատմում է տատս:– Ես էի, սկեսուրս` Սարգսի մայրը և մեր 2 տարեկան հիվանդ աղջիկը: Մի օր մնացինք այնտեղ: Առավոտյան մի խումբ ձիավորներ եկան, նրանց հետ էր Անդրանիկը: Մոտեցավ, բարևեց, հուսադրեց. «Մարե՛, գետից ջուր մի՛ վերցրեք, վերևում մի քանի մահացած մարդ կա, լողացնում են»: Մի ոսկի տվեց սկեսուրիս ու գնաց:

 

Մի քանի օր հետո Սարգիսը եկավ: 2 օր քայլում էինք, մի լավ ձի ունեինք, սև գույնի, անունը՝ Արաբ: Մեր ունեցածը բարձել էինք ձիուն, և ես նստած էի ձիու վրա, շարժվում էինք առաջ: Ձիու սանձից բռնած՝ առջևից գնում էր Սարգիսը, իմ երեխային շալակած՝ ձիու ետևից գալիս էր սկեսուրս` տարիքով կին, շատ հոգնած, տանջված, ուժասպառ էր, բայց քայլում էր: Հանկարծ հայտնվում է զորավարը: Դեմ դիմաց կանգնում է, մի քիչ զարմացած ու ջղայնացած` դիմում է Սարգսին.

 

–Ամո՛թ քեզ, Անարխի՛ստ, ի՞նչ եմ տեսնում, դու երիտասարդ կնոջդ նստեցրել ես ձիու վրա, իսկ մորդ թողել ես, ոտքով է քայլում, քո երեխան էլ շալակին:

 

Սարգիսը սկսեց արդարանալ, բայց Անդրանիկը չէր թողնում, որ խոսի, վերջում ասաց.

 

–Փաշա՛, գնա մարեին հարցրո՛ւ, թե նա ինչո՞ւ ձի չի նստում:

 

Անդրանիկը մոտենում է սկեսուրիս ու հարցնում է.

 

–Ասմի՛ն մարե (Ասմին էր Սարգսի մոր անունը) ինչու՞ չես նստում ձիու վրա, չէ՞ որ քեզ համար շատ դժվար է, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու:

Մարեն նրան ասում է.

 

–Չեմ կարող նստել, վախենում եմ, չեմ ուզում:

 

Անդրանիկը շվարած կանգնել ու մտածում էր, հետո դիմեց Սարգսին, առանձնացած երկար խոսեցին, գնալուց ասաց. «Անարխի՛ստ, լուսադեմին քո խմբով կփոխարինես աջ թևին»:

Եվ այսպես գաղթի երկար ճանապարհ, նորից հանդիպեցինք Անդրանիկին: Ես էի, սկեսուրս և մեր հիվանդ աղջիկը: Մեզ հետ էին նաև մեր բարեկամները, հարևանները և շատ-շատերը:

 

Մի օր Սարգիսը մեզ հետ չէր, դիրքերում էր, ձին թողել էր մեզ մոտ: Առավոտյան մի քանի հայ զինվորներ եկան, ձիու վրայից մեր իրերն իջեցրին, ձին տարան: Մարդիկ միջամտեցին, բայց իզուր: Մնացինք շվարած նույն տեղում: Երեկոյան հանկարծ եկավ Անդրանիկը, մեզ տեսավ, մոտեցավ, հարցրեց.

 

–Խարսե՛, ո՞ւր է Արաբը:

 

Խոսքր ձիու մասին էր:

 

Ես չկարողացա պատասխանել, սկեսուրս ասաց.

 

–Փաշա՛, մեր զինվորներից մի քանի հոգի եկան, ձին զոռով տարան:

 

Անդրանիկը հետաքրքրվեց, թե ինչպիսի մարդիկ էին և որ կողմ գնացին: Մարդիկ ուղարկեց տարբեր տեղեր, ինքն էլ գնաց: Մի քանի ժամ հետո` երեկոյան, Անդրանիկը եկավ, եկան նաև հայ զինվորներ, նրանց հետ՝ նաև ձի տանողներից մեկը: Նա անմիջապես խոստովանեց և Անդրանիկից ներում հայցեց: Անդրանիկը ձեռքը տարավ դեպի մաուզերը, այդ միջոցին սկեսուրս և ես մոտեցանք, խնդրեցինք, որ նրան չպատժի: Հրամայեց նրանց, որ գնան, ձին բերեն: Մինչև ձիու բերելը վրդովված գնած իր գործին:

 

Մեր տղամարդիկ, լինելով գզրարներ, ծանոթ էին շատ գյուղերի և որոշեցին գնալ Գառնի: Գառնեցիք մեր գաղթականներին շատ լավ ընդունեցին: Տեղավորվեցինք տարբեր տներում: Շատ դժվար պայմաններում էինք ապրում, գաղթից հետո դեռ երկու երեք տարի պատերազմը շարունակվում էր: Սարգիսը կամավոր էր, մասնակցում էր կռիվներին, ամիսներով գնում էր՝ Անդրանիկի հետ արդեն տեղի թուրքերի դեմ կռվելու Ուլուխանլուից Վեդի, Նախիջևան, Զանգեզուր: Երբ որ տուն էր գալիս, շատ հոգնած էր լինում, երբեմն վիրավոր: Մի քանի օրից նորից կանչում էին, խմբովին գնում էին կռվելու թուրքերի դեմ:

 

Անցան տարիներ: Մենք Գառնիում ունեցանք մի որդի, 1920 թ. մինչև 1930 թ. ապրեցինք Գառնիում, ունեցանք ևս 2 երեխա` մեկ աղջիկ և մեկ տղա:

 

1930 թ. Գառնիում եղած գաղթականներին գետի ձախ ափին՝ բլուրների մեջ` ադրբեջաբնակ մի փոքրիկ գյուղում` Ալիղռըխում, հող հատկացրին: Տեղափոխվեցինք այդ գյուղ, նորից տուն ու տեղ հիմնեցինք, ապրել էր պետք: 1936 թ. Անարխիստ Սարգիսը մահացավ: Այդ գյուղում ապրեցինք մինչև 1962 թ.: Մեզ նորից տեղահանեցին, այս անգամ դեպի Արարատյան հարթավայր, ինչ-որ խոշորացում էին անում, բայց սխալ էր: Ընտանիքով տեղափոխվեցինք Մասիսի շրջանի Արևաբույր գյուղ: Նորից գաղթի նման մի բան, նոր հող, նոր տուն ու տեղ ստեղծեցինք:

 

Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 232–235: