կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 14:10
Հասարակություն

Հայերի նկատմամբ բռնությունները սկսվել են Մուշի հայկական թաղամասի հրկիզումից

Հայերի նկատմամբ բռնությունները սկսվել են Մուշի հայկական թաղամասի հրկիզումից

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Ս.Հովհաննիսյանի պատմությունը

1916 թ., Մուշ

 

 

Ցեղասպանությունը վերապրած Երշտեր գյուղից Ս. Հովհաննիսյանը պատմում է, որ հայերի նկատմամբ բռնությունները սկսվել են Մուշի հայկական թաղամասը վառելուց: Հարևան Դեղձ գյուղի քուրդ բնակիչները համոզել են, որ տղամարդիկ սարերում թաքնվեն, իսկ կանայք ու երեխաները իրենց մոտ մնան: Բայց նույն քրդերը հետևել են տղամարդկանց ու սարում կոտորել: Գեղեցիկ կանանց ու աղջիկներին բռնաբարել են, իսլամացրել և կին դարձրել, մի մասին էլ այրել են ու կրակը հանգելուց հետո մոխիրներն են մաղել, որ թանկարժեք իրեր գտնեն: Տարբեր քուրդ ընտանիքներում գերությունից փախնելուց հետո հայտնվել է Խնուսի որբանոցում, հետո` ԿարսումՆրա ընտանիքից զոհվել է 26 մարդ:


Վարդավառի օրը, որպէս հայի մենք էլ պատրաստւում էինք կատարել մեր ազգային պարտականութիւնը և ուրախանալ, բայց այդ օրը սև ուրախութեան փոխուեց: Տեսանք, որ Մուշ քաղաքի հայկական թաղը վաուում է: Վառուեցին նոյնպէս հարևան Խասգիւղ և Մկրագոմ գիւղերը: Այդ միևնոյն ժամանակ հարևան Դեղձ գիւղի քիւրտերը թափուեցին մեր գիւղ և յայտնեցին, որ՝ հայեր, հրամայուած է բոլորիդ բնաջինջ անել: Եթէ ցանկանում էք ազատուիլ, եկէ՛ք մեր գիւղը և մենք կը պաշտպանենք ձեզ: Սրանց մէջն էր և Մամադ Ալին: Ստիպուած էինք գնալու, ու անմիջապէս մեր գերդաստանով տեղափոխուեցինք Դեղձ: Հետևեալ օրը նոյն քիւրտերը ասացին «Հայե՛ր, Մշոյ կողմից տէրութեան զօրքը հայերին սպաննելով, այրելով գալիս է, մանաւանդ տղամարդկանց: Տղամարդիկդ փախէ՛ք լեռները, պահուէ՛ք, իսկ կանանց և երեխաներին կարող ենք պաշտպանել»: Երբ տղամարդիկ գիւղից հեռացան, այդ գիւղի զինուած քիւրտերն էլ նրանց ետևից գացին ու սկսեցին տմարդօրէն կոտորել նրանց, այսպիսով մեր նորընծայ քահանան իր հօտի հետ մարտիրոսուեց Դեղձի լեռներում:

 

Կանանցից շատերը, ինչպէս և ես, լեղապատառ փախանք դէպի լեռները և ականատես եղանք մեր սիրելիների մահամերձ հանդէսներին: Սպաննուած էին իմ ամուսին Պօղոսը, որդիս` Աւօն, թոռս` Գրիգորը, իմ տագեր որդիները` Մուշօն և Գեղամը: Քիւրտերը մեզ որպէս գերի պահեցին 3 օր` Խվների Մուսա բէկի հրամանաւ: Մինչ այս Մուշ քաղաքից, սբ. Կարապետից քշելով Երշտեր բերին բազմաթիւ հայ կանայք ու երեխաներ ու այնտեղ այրեցին: Դէպի Պիթլիս գնալով հաւաքեցին ու Աւզուտում այրեցին, որի մէջ էր իմ ամուսնացած Հայկանուշ աղջիկը` իր որդի Կարապետի հետ: Գեղեցիկ կանանց ու աղջիկներին բռնաբարեցին, իսլամացրին և իրանց կին դարձրին: Հերթը հասաւ և մեզ. ասկեարները քիւրտերից պահանջեցին իրանց մօտ պահուած հայերին: Մի քրդի կին ինձ և իմ հարս Նիկեարին մի կերպ փախցրեց դէպի լեռները և ազատեց:

 

Ազատուողներս 18 հոգի էինք, մնացածներին շրջանի շատ հայերի հետ այրեցին: Այրելուց յետոյ, երբ կրակը հանգում էր, նրանք մոխիրները մաղում էին ու այրուածների մօտ պահուծ թանկարժէք իրերը գտնում արծաթ, ոսկի և այլն: Երբ վտանգն անցաւ, մենք սարից իկանք և յանձնուեցինք մեր «խնամակալներին» ու ամբողջ ամառը որպէս գերի պահուեցինք նրանց տանը: Աշխատում, չարչարւում էինք նրանց համար և դրա փոխարէն ստանում էինք մի պատառ չոր հաց: Քիուրտերի մօտ ծառայութեան տալով ազատել էի և իմ որդի Աւետիսին, որին, աւաղ, դարձեալ զոհ տուի մի քանի ժամանակ յետոյ…:

 

Աշնանը Հաջի Մուսա բէկը զօրքի գլուխ անցած նորից հաւաքեց հայ գերիներին, որոնք պահուած էին թուրքերի ու քիւրտերի տներում: Այս անգամ մեր տէրերի ձեռքով յանձնուեցինք դահիճներին: Իմ որդի Աւետիսին ու նման ազատուողներին իմ աչքի առաջ գնդակահարեցին, իսկ ինձ հրացանի կոթով ծեծեցին ու առաջ քշին: Ճանապարհին մեր դրացիներից մէկը երկունքի բռնուեց և չկարողացաւ մեզ հետ քայլել: Մամատ անունով մի ասկեար այդ կնոջ գլուխը ճեղքեց դաշոյնով, ճեղքեց և նրա արգանդը ու դաշոյնի ծայրին առնելով երեխային` ցոյց տուեց մեզ որպէս սպառնալիք և նորից քշեց մեզ: Մեր դրացի Յարութի կին Եւան նոյնպէս ծանր ոտք` յղի էր և մէջքին կապած տանում էր իր 3 տարեկան աղջկան: Քաղցից աղջիկը լալիս էր, մայրը ութ օրուայ քաղցից յետոյ կաթ չունէր, որ կշտացներ նրան ու յոգնած հազիւ էր քարշ գալիս մեր քամակից: Զապթիէն հրամայեց նրան նստել ու աղջկան ծիծ տալ: Խեղճ կինը նստեց, զապթիէն կնոջ ստինքը իր ձեռքով հանեց ու դրեց աղջկայ բերանը ու ինքը մի փոքր հեռանալով, նշան առաւ և յանկարծակի մէկ գնդակով վերջ դրեց թշուառ մօր և աղջկայ կեանքին…: Այսպիսի շատ դէպքեր պատմեցին ու մեր քարացած զգացմունքները բողոքելու բոլոր արտայայտութիւնից զրկուել էին:


Մեզ պէտք է տանէին դէպի Խարբերդ-Գէնջ, երբ գիշերով հասանք Կռանայ գիւղը, որը քրդական էր: Մեզ տեղաւորեցին մի ոչխարի գոմում: Մենք` կանայքս թուով 362 հոգի էինք: Մեզ հետ էին 2 տղաներ, 18 հասած աղջիկ, 6 պատանի և 12 ծծկեր երկու սեռի երեխաներ: Զապթիէներից երկուսը ընտրեցին 2 գեղեցիկ դեռատի կին ու իրանց մօտ քնացրին դրսում: Մենք ներսից լսեցինք, որ իրանց գազանային գործողութիւնների ժամանակ միմեանցից մի քիչ հեռու լինելով՝ ձայն էին տալիս և խրախուսում իրար…: Այս անպատութիւնը մենք տանել չկարողացանք: Բայց որպէսզի փախչեմ, նայեցի շուրջս և գտայ պատի մէկ բուխարիկի մի անց դէպի կտուրը, բայց վերևը մի սալ քարով ծածկուած էր: Սեղմուեցի այդտեղ ու վեր մագլցելով վերցրի սալը ու դուրս ընկայ: Բայց խելագարի վազքով չգիտեմ, թէ ուր եմ փախչում, իսկ նպատակս այն է, որ բնակութիւնից հեռու լինեմ:

 

Այսպիսով ցերեկները թաքնուեցի, գիշերները փախայ, խոտ ճարակեցի և հասայ Սասնայ սարերը: Պատահեցի Լաչկան անունով մի շէխի գիւղի: Մի քրդուհի ինձ գերեց և 2 ամիս պահեց իր տանը: Այդ գիւղում պատահեցի յարջաւնեցի Մարտօ Աւոյի հարս Անոյին: Նա էլ գերի փախստական էր ինձ նման: Սրանից յետոյ տիրուհուս ամուսին Ը[զ]զօն իմ աղերսագին խնդրանօք ինձ բերաւ Մուշ, յանձնեց մեր ծանօթ Քեարիմին: Քեարիմը ուրախութեամբ ընդունեց, ի սէր մեր բարեկամութեան ու պահեց ինձ 2 ամիս: Փետրուարին ռուսական զօրքերը մօտեցան Մշուն և Քեարիմը պատրաստւում էր իր գերդաստանին ուղարկելու Սասուն, որպէս ապահով վայր:

 

Կառավարութիւնը հրամայել էր բոլոր պահուած հայերին հաւաքել ոստիկանատուն (փոլիս): Տարան և ինձ, բայց Քեարիմը շուտ եկաւ ու ինձ ազատեց: Ես իմ տիրուհուս խնդրեցի, որ իմ հարսի շորերը, զուգս ու զարդարանքները պահել եմ մի ապահով տեղ, թոյլ տայ գիշերով գնալու և բերելու, մանաւանդ, որ ես ձեզ հետ պիտի գամ, ափսոս է, թող չկորի…: Քրտուհին իր լամուկին դրաւ իմ հետր: Օգտուելով վրայ հասնող մթութիւնից, ես ճողոպրեցի ու փախայ: Հասայ Խասգիւղ, պատահեցի մի քրդու: Նա կամեցաւ ինձ սպաննել, բայց յետոյ խնայելով իմ կեանքս, տարաւ Քոլոսի անունով մի քրդական գիւղ: Այնտեղ մի մեծահոգի քիւրտ նախատելով գերող քրդուն, ազատեց ինձ:

 

Վերադառնալով Դեղձ քրդական գիւղը, գտայ իմ հարս Նիկեարին, որին պահ էի տուել իմ ծանօթի տանը: Լսելով ռուսերի Մուշի գրաւումը, գիշերով փախցրի իմ հարսին և հասցրի ռուսական բանակը: Ճանապարհին, երբ առաջին անգամ պատահեցի մի կազակի և հասկացրի մեր դրութիւնը և ցանկութիւնը, նա խղճաց մեզ և ձիուց իջնելով հարսիս նստեցրեց թամբին, երր ես յոգնեցի ճանապարհին՝ կազակը յանձն առաւ և ինձ երբեմն շալակելը: Այսպիսով հասանք Մուշ: Երկար մնացինք այնտեղ: Իմ որդի Արշակը Քեռու բանակում կամաւոր լինելով` այդ միևնոյն ժամանակ եղել է քաղաքում, բայց միմեանցից անտեղեակ: Սրանից յետոյ հայկական շտաբը ուրիշ ազատ ուզածների հետ մեզ էլ ուղարկեց Խնուս բերդը: Այնտեղի որբանոցում մի ամիս մնացինք: Կամաւոր որդիս լսելով մեր ազատութիւնը և իմանալով մեր տեղը, եկաւ գտաւ մեզ: Արշակը վերոյիշեալ հարսիս ամուսինն է: Առաջին անգամ, երբ քիւրտերը ուզեցին բռնաբարել հարսիս, մենք դիմադրեցինք երկուսով և գազանացած քուրդը ջարդեց երկուսիս էլ առաջին ատամները: Ամէն բան կորցնելուց յետոյ մի բանով եմ մխիթարւում, որ անպատուութիւն չկրեցինք…: Շտաբը մեզ ուղարկեց Կաղզուան և այնտեղից` Կարս: Ազատուելով տաճկական դժոխքից, միմիայն մեր տանից զոհ տուինք 26 հոգու:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 454, թթ. 25-26 շրջ., բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 241 – 243: