Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուվեն Բայար
Ինձ համար պատիվ է գրել Գառնիկ Քալայջյանի պատմությունը, որն Օրդուի մամուլի պատմության, քաղաքի հիշողության և այստեղի հայերի համար մեծ նշանակություն և կարևորություն ունի։
Այն օրվանից, ինչ սկսեցի ուսումնասիրել Օրդուի հայերի գաղտնի պահված պատմությունները, մինչ այժմ Օրդուի բազմամշակութային հարստությունը շարունակում է տպավորել ինձ: Հուսով եմ՝ դա Օրդուի բնակիչներին կստիպի թոթափել իրենց այն հայ հարևանների հանդեպ անտարբերությունը, որոնց հետ ապրել են տարիներ, և դեպքերին անդրադառնալ անգիր արված պատմությունից և ազգայնական գաղափարախոսությունից վերացած կերպով: Գալիք սերունդները երբ հասկանան այդ ամենի արժեքն ու խորությունը, դրա մասին խոսող մարդ չի մնա այլևս։ Այս հոդվածները նրանց համար են, որպեսզի նրանք իրենց հարեւանների ու եղբայրների հետ ավելի լուսավոր ու գեղեցիկ Թուրքիայում ապրեն խաղաղության մեջ։
Աշխարհի չորս կողմը սփռված ընտանիքի մեծերից, կամ թոռներին փոխանցված անցյալի ընտանեկան պատմություններից ելնելով՝ պարոն Գառնիկի հանդեպ միշտ հարգանք ու սեր եմ զգացել: 1915 թ․ հայերի տեղահանությունից (Հայոց ցեղասպանություն-Ակունքի խմբ․) վերադառնալ հաջողեցրած մարդկանց կյանքը պահպանելու և մասնագիտություն ձեռք բերելու համար ջուլհակի դազգահներ սարքած և տներով բաժանած, տարագրության ժամանակ միմյանց կորցրած ընտանիքների համախմբումն իրականացրած պարոն Գառնիկը բոլոր ընտանիքներում էլ հետք է թողել: Տարիներ անց, երբ զրուցեցինք Գառնիկ բեյի դստեր՝ տիկին Սյուզիի որդի Երվանդ Գաբրիելյանի հետ, հարցնելու շատ բան կար, սակայն նախ ուզում էի տեսնել պարոն Գառնիկի լուսանկարը, մի դեմք, որը տարիներ առաջ իմ մտքում ձևավորվել էր։ Պատիվ է գրել Գառնիկ Քալայջյանի պատմությունը, ով Օրդուի մամուլի պատմության, քաղաքի հիշողության և այստեղի հայերի համար մեծ նշանակություն և կարևորություն ունի։
Գառնիկ Քալաջյանն ու ընտանիքը, Օրդու
Հայկական ընտանիքների ժամանումը Օրդու սկսվել է 18-րդ դարի կեսերից Շապին-Գարահիսարի, Թամզարայի և Սըվասի (Սեբաստիա-Ակունքի խմբ․) շրջաններից։ 1895 թ․ Արևելյան Կարահիսարի կենտրոնական բնակչության մեկ երրորդը բաղկացած էր հայերից։ Գառնիկ Քալայջյանը ծնվել է 1887 թ․, Շապին-Գարահիսարում։ Ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո նրա ընտանիքին տրվում է «Էրման» ազգանունը։ Պարոն Գառնիկի հոր անունը Հարութ է, ով 1900-ականների սկզբին է եկել Օրդու, մոր անունը, ցավոք, չգիտենք։ Գառնիկի ծնողները, որոնց գերեզմանները չեն գտնվել, պետք է որ զոհ գնացած լինեն 1915 թ․ հայերի տեղահանությանը: Գառնիկ բեյը, տարիներ անց, թերթի գովազդի միջոցով գտնում է իր եղբորը՝ Արմենակ Քալայջյանին, ում հետքը կորցրել էր 1915 թ․։ Տեղյակ ենք, որ Գառնիկ բեյը իր եղբորը՝ Արմենակին, ուսման է տվել Ռոբեր քոլեջում (ներկայիս Բողազիչի համալսարանում), որտեղ վերջինս ավարտել է շինարարական ինժեներության բաժինը, ապա տարիներ շարունակ որպես գլխավոր ինժեներ՝ աշխատել Օրդուի քաղաքապետարանում։ Հայտնի է նաև, որ նրա եղբայրը Օրդուում մեր օրեր հասած տասնյակ քաղաքացիական և խորհրդանշական ճարտարապետական կառույցների հեղինակ է (Գյուղատնտեսական բանկը, Ազգային կինոթատրոնը, Կենտրոնական ոստիկանական բաժանմունքի շենքը)։
Գառնիկ բեյն ամուսնանում է Օրդուի հարուստ և հին ընտանիքներից մեկի՝ մանուֆակտուրայի տեր Վարդան Անտրեսյանի և տիկին Ուստիյանի կրտսեր դստեր՝ Զվարթ Անտրեսյանի հետ։ Վարդան բեյը մի խանութ ուներ, որտեղ եթե հարսնացու մի աղջիկ մտներ, հագուստից մինչև իրեր՝ ամեն ինչ կարող էր գնել այնտեղից: 1924 թ․ ամուսնացած Գառնիկը և Զվարթը ունեցել են Հրանտ, Հարութ, Սյուզի և Շահին անուններով երեխաներ։ Գառնիկի կնոջ՝ Զվարթ Անտրեսյանի ընտանիքը ևս մեծ կորուստներ է կրել 1915 թ․: Գաղթին Վարդանը մինչև Մուշ է հասել։ Կորցրել է կնոջն ու ավագ որդուն՝ Հրանտին։ Գաղթից առաջ իր 3 դուստրերին թողել է Օրդուի հույն Թոքաթլըօղլու Զահարեի առանձնատանը։ Այն ժամանակ հույն ընտանիքի պաշտպանության ներքո 30-ից ավելի երեխա կար։ Վարդան բեյն աղջիկներին թողնելիս ասել է. «Ոսկով եմ տալիս, պատվով եմ ուզելու»։ Վարդան բեյը վերադառնալուց հետո իր երկու դուստրերին ուղարկել է Ամերիկա։ Օրդուում մնացած և Գառնիկի հետ ամուսնացած Զվարթը՝ Վարդան բեյի ամենկրտսեր դուստրը, տարիներ անց, երբ ծնվել է իր աղջիկը, նամակ է ուղարկել Ամերիկայում ապրող ավագ քույրերին՝ ցանկանալով, որ անվանակոչեն երեխային: Տիկին Սյուզին անվանակոչել են այն մորաքույրները, որոնց նա երբեք չի տեսել:
Օրդուում առաջին անգամ տպարան հիմնվել է 1913 թ․, Գառնիկ էֆենդիի կողմից՝ «Փեթեք» տպարանը։ Այստեղ 12×15սմ չափերով «Օսմանյան գործակալություն» անվամբ ամենօրյա լրատվական տեղեկագիր էր պատրաստվում, որը տպագրվում էր ինչպես օսմաներեն, այնպես էլ հայերեն տառերով:
«Օսմանյան գործակալությունում» ներառվում էին Ստամբուլից եկող թերթերից քաղված ներպետական և արտասահմանյան լուրեր: Դրանցից բացի՝ թերթում տեղ են գտել նաև հեռագրով ստացված որոշ կարևոր լուրեր։
«Օսմանյան գործակալության» մի երեսը արաբատառ, մյուս երեսն էլ հայատառ թուրքերեն էր շարված։ Այս կերպ Օրդուի հայերն էլ էին կարողանում կարդալ «Օսմանյան գործակալությունը»: Մինչև 1914 թ․ Օսմանյան կայսրության վիլայեթների կենտրոններում արաբատառ թերթերից բացի հունարեն և հայերեն թերթեր էլ էին հրատարակվում։ Գավառի կենտրոն Օրդուում որպես օրաթերթ երկու տարբեր այբուբեններով տպագրված «Գործակալության» հրատարակումը ցույց է տալիս Օրդուում մամուլին նկատմամբ կարևորությունը և առաջադեմ մակարդակի վրա լինելը։
Օրդուեցի հետազոտող և գրող Սըթքի Չեբին «Օրդուի մամուլի պատմություն» գրքում պատմում է.
««Փեթեք» տպարանում տպագրվող «Օսմանյան գործակալության» վերնագրի ներքևի հատվածում երեւում է հինգ շարք հեռագրալարերի պատկերը, որոնց վրա թռչուններ կան։ Թերթի ներքևում, զարդարուն շրջանակի մեջ, «Տպագրվել է Օրդուի «Փեթեք» տպարանում» նախադասությամբ, առկա է թերթի հրապարակման ամսաթիվը: Պարզ է, որ երբ գործակալությունը նույն օրը թողարկում է մեկից ավելի մամուլ, թերթի վերևում կատարվում էր «Առաջին նորություն» գրառումը: «Փեթեքում» լույս տեսած «Օսմանյան գործակալությունը» իր հրատարակությունը մեկուկես տարի շարունակելուց հետո առաջին համաշխարհային պատերազմի երկրորդ տարում դադարեցրեց իր գործունեությունը»։
Որոշ նորություններ Պարոն Գառնիկին պատկանող «Փեթեքում» հրատարակված «Օսմանյան գործակալությունից».
(1330 (1914) տարվա 28 նոյեմբերի ամսագիր)
– Եվրոպայում մահացել է Սադրի Էսբաք Ֆերիդ փաշան։
– Սոֆիա ժամանած Գոլչ փաշան հանդիպելու է Ֆերդինանդ թագավորին։
– Արևմտյան և արևելյան ռազմաճակատներում մարտը շարունակվում է։
– Գերմանա-ռուսական բանակները շփման մեջ են Լեհաստանում:
Երբ Օրդուում 1945 թվականին Գառնիկ բեյը մահացավ, նրան թաղեցին Օրդուի Չաքալչըքմազ գերեզմանատանը։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղեկացավ, որ նրա գերեզմանը փորում են, ինչ-որ բան փնտրում։ Դրա համար ընտանիքը բետոնապատել է գերեզմանը։ Այս մասին լսենք Օրդուում ապրող երկու հայ եղբայրներից մեկից՝ ժամանակաշրջանի ականատես, բժիշկ Տիգրան Թորամանից.
«Գառնիկ բեյի մահից հետո նրա գերեզմանը ջարդեցին-թափեցին։ Ոսկի ու դրամ էին որոնում։ Մտածում էին, որ մահացածների կողքին ոսկի են դնելու։ Այս աստիճանի ապուշություն կլինի՞: Ամեն կիրակի գնում էինք, հենց կողքին տատիս գերեզմանն էր, դրա համար եմ տեղյակ այդ պատմության մասին։ Ընտանիքը տեսավ՝ լինելու բան չէ, վերցրեց, տարավ (աճյունը-Ակունքի խմբ․)։ Այժմ (ամփոփված է-Ակունքի խմբ․) Շիշլիի հայկական գերեզմանատանն է»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net