կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 14:42
Հասարակություն

«Էրեբունի-Երևան 2797»-ը կլինի գունեղ ու տոնական. Արամ Սուքիասյան

«Էրեբունի-Երևան 2797»-ը կլինի գունեղ ու տոնական. Արամ Սուքիասյան

Այս տարի «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը կնշվի հոկտեմբերի 10-11-ը: Այն, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, կլինի գունեղ, տոնական, մշակութային ծրագրով լեցուն:

Ըստ նրա` ծրագիրը եռամսյա աշխատանքի արդյունք է: «Այս տարի կլինեն որոշ փոփոխություններ, քանի որ լրացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի կլինեն նաև տարելիցին նվիրված միջոցառումներ: Մասնավորապես՝ հոկտեմբերի 10-ին կբացվի «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրի ցուցադրությունը՝ Նալբանդյան-Հանրապետություն փողոցի պուրակում: Ի դեպ, ներկայացված խաչքարերը հիմնականում Նոր Ջուղայի ոչնչացված խաչքարերի պատճեններն են»,- ասաց Սուքիասյանը:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 11-ին, ավանդական միջոցառումները կլինեն` ջրցան մեքենաների շքերթ, հուշարձանների լվացում, տարբեր հարթակներում ջազ, ռոք, հեղինակային երգի երեկոներ: «Էրեբունի-Երևան» միջոցառման պաշտոնական մեկնարկը կտրվի քաղաքապետարանի դիմաց` ժամը 14-ին, որի ընթացքում, ինչպես տեղեկացրեց Սուքիասյանը, կտրվեն նաև շքանշաններ և կոչումներ: Միջոցառումները կեզրափակվեն հրապարակում տեղի ունեցող համերգով, որից հետո կլինի հրավառություն և դիսկոտեկ:

Այդ օրերին Երևան կգան 20 երկրի պատվիրակություններ, այդ թվում` 7 քաղաքապետ: