Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական երաժշտարվեստին «Տաղարան» համույթի կողմից հերթական անդրադարձի առիթը Ֆրանկոֆոնիայի երկամսյակն է Հայաստանում: Իսկ տասը կոմպոզիտորների՝ Ռամոյի, Լյուլլիի, Պլանսոնի, Բոնէի, Կուպերենի, Շարպանտյեի, Սերմիզիի, Դյուբուայի, Դյուֆայի, Բատայի ստեղծագործական հարուստ ժառանգություններից ապրիլի 27-ի համերգին կատարելու համար ընտրվել էին թե՛ աշխարհիկ բնույթի գործեր և թե՛ տաճարական-հոգևոր երկեր, բոլորը՝ Ֆրանսիական երաժշտարվեստին բնորոշ առանձնահատկություններով, Ֆրանսիական լեզվամտածողությամբ և աշխարհընկալմամբ , միջնադարյան հոգևոր ու աշխարհիկ մշակույթի կնիքը կրող :
Թեթևաշունչ սիրերգերից մինչև Աստծո առջև մաքրագործման հոգևոր ոգորումներ, ազգային վառ յուրահատկություն ունեցող երգերից՝ շանսոններից մինչև երգեհոնային երկնամերձ հունչեր,- այս ամենն ամբողջության մեջ համաշխարհային մշակույթի անկապտելի մասը կազմող Ֆրանսիական ազգային արվեստն ու լեզվի գեղեցկությունը յուրահատուկ դիտանկյունից ներկայացնելու կերպ էր, որ ընտրել էր Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Ծրագիրը հարուստ էր, ընդգրկուն, կատարումները՝ տպավորիչ, երեկոյի երաժշտական գունապնակը՝ բազմերանգ:
Ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, Արվեստների ակադեմիայի անդամ, 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկիզբ՝ Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն Թեոդոր Դյուբուայի սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունների մեծ մասն իր կենդանության օրոք աննկատ է մնացել: XIX և XX դարերի սահմանագծին Դյուբուայի երաժշտությունը, ինչպես նաև իր դասավանդման տեսանկյունները հանրության կողմից ընդունվում էին՝ որպես գերպահպանողական: Դյուբուայի երաժշտության հանդեպ հետաքրքրությունն «արթնացավ» XXI դարում: Նրա աշխարհիկ բնույթի բազմաքանակ երգեհոնային երկերից «Տաղարանի» համերգին հնչեց «Տոկատան»՝ երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի կատարմամբ: Ներդաշնակ կառույցով և բարձրահունչ այս երկի կատարումը՝ արտաքնապես՝ մերթ զուսպ, մերթ պոռթկուն, ներքին ջերմ հնչողությամբ, մի անգամ ևս վկայեց, որ զուր չեն դրա հեղինակին ժամանակին արժանացրել Հռոմեական պատվավոր մրցանակի:
Համերգին հնչած հոգևոր ստեղծագործությունների շարքում էր Շարպանյեի հոգևոր քառերգությունը, որ կատարեցին Գալինա Ցոլակյանը, Գրիշա Մարտիրոսյանը, Սվետլանա Հովհաննիսյանը, Անի Մանվելին՝ զուգերգերով և մեներգերով: Առանձնակի ազդեցիկ էին «Մագթաղենացու և Հիսուսի երկխոսությունը» և «Բարձրանալ Աստծո մոտ» մասերը՝ հավատի, կատարելության ձգտման. զղջման, խոստովանանքի, ապաշխարության և ամենաներող հոգեկցության տոնայնությամբ:
Ապա «Տաղարանն» ունկնդրին տեղափոխեց ուշ միջնադար՝ նվագախմբի կատարմամբ ներկայացնելով Ֆրանսիական օպերայի հիմնադիր, ծագմամբ իտալացի Ժան Բատիստ Լյուլլիի ստեղծագործությունից հատվածներ՝ «Աքիլլեսը և Պոլիքսենը», «Ացիսը և Գալաթեան»: Իտալացի ջրաղացպանի որդին պիտի դառնար 17-րդ դարի ամենահայտնի երգահաններից մեկը. նա ջութակահար էր, չտեսնված պարող, դիրիժոր, մանկավարժ, հեղինակը նվագախմբի և առանձին նվագարանների համար ստեղծագործությունների, տրիոների, դիվերտիսմենտների, հոգևոր երկերի, բալետների և քնարերգական ողբերգությունների, որոնք հարյուր տարի չեն իջել բեմերից: Նրա մահը ծանր են տարել ողջ Ֆրանսիան և նրան մեծապես գնահատող Լյուդովիկոս 14-րդը: Լյուլլիի արարումներից հատվածների գործիքային կատարումն արդեն որոշակիորեն պատկերացում տվեց հեղինակային ձեռագրին հատուկ դրամատիկ էֆեկտների, երաժշտության գերազանց արժանիքների մասին:
Նվագախմբային կատարմամբ հնչեց նաև մեկ այլ Ֆրանսիացի հեղինակի՝ Ռամոյի «Հերոսական» բալետի նախերգանքը («Zai’s»):
17-րդ դարի երաժշտարվեստի մեկ այլ ակնառու դեմքի՝ Ֆրանսուա Կուպերենի արվեստը «Տաղարանը» մատուցեց գործիքային կատարմամբ: Ժամանակակիցներն իրեն մեծարում էին՝ որպես «Մեծ Կուպերենի», նրա տոհմը Ֆրանսիային տվել է երաժիշտների մի քանի սերունդ, Կուպերենի ստեղծագործությունը Ֆրանսիական կլավեսինային արվեստի բարձունքն է: Մեղեդայնությամբ աչքի ընկնող և բարոկ երաժշտության կանոններով գրված «Իմպերիալ» եռամաս ստեղծագործությունը կատարեցին Մաեստրո Սեդրակ Երկանյանը (կլավեսին), Քրիստինե Չթչյանը (առաջին ջութակ), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա), Հովիկ Օգանեզովը (թավջութակ) : Հանդիսականը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Մաեստրո Սեդրակ Երկանյանի նվագը՝ նույնչափ նրբագեղ և հուզական, որչափ նրբակառույց և հնչուն է Կուպերենի երևակայության արգասիքը: Մաեստրոյի կլավեսինային կատարմանը միացան ջութակահար Ք. Չթչյանը՝ լարված-հուզական, թավջութակահար Հ. Օգանեզովը՝ խորն ու մտորուն, ֆլեյտահար Հ. Հակոբյանը՝ հեղվող- գեղգեղուն հունչերով:
Համերգային երեկոյի կառույցն ամբողջացրին միջնադարյան աշխարհիկ բովանդակությամբ գողտրիկ երկերը՝ հիմնականում սիրերգեր, շանսոններ: Խաղացկուն սիրախաղերը՝ ուրախ-հմայիչ, ծիծաղկոտ-կենսախինդ, ամեն մեկը՝ մի փոքրիկ պատմություն՝ երգով շարադրված, քաղվել էին Դե Պրեի, Բատայի, Բոնէի, Սերմիզիի, Պլանսոնի, Դյուֆայի ստեղծագործություններից: Ի սկզբանե պոլիֆոն երգի ժանրը՝ շանսոնը, ձևավորվել և մշակվել է 15-րդ դարի ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտորների կողմից: Բալլադներից ու ռոնդոներից սկիզբ առնելով՝ ժանրը Վերածննդի շրջանում զարգացել, հոմոֆոն բնույթ է ստացել: Ազգային վառ յուրահատկություն ունեցող այս երգերի մի բույլ հնչեցրին «Տաղարանի» մեներգիչներ Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Պերճ Քարազյանը և Հովսեփ Նշանյանը:
Դե Պրեի «Մնաս բարով, ի՛մ սեր» սիրերգը կատարեց Լուսինե Մարկոսյան - Պերճ Քարազյան դուետը՝ սիրող սրտերի հրաժեշտի և ափսոսանքի թախծությամբ:
«Քանի դեռ բաբախում է իմ սիրտը...» (Alors que mon...)՝ երգեց Գ. Ցոլակյանը՝ վերահաստատելով Բոնէի Ֆրանսիական կենսասիրություն ու սիրառատությունը: Բատայի «Reve je»-ն նույնի ՝ սիրո և կյանքի մասին էր, որ իր երգեցողությամբ հաղորդեց «Տաղարանի» մեներգչուհի Լ. Մարկոսյանը:
Երգչական քառյակի կատարմամբ հնչեցին Սեմիզիի «Քանի դեռ ապրում եմ» և Պլանսոնի «Սպասուհին» երգերը. առաջինը կենսասիրությամբ է լեցուն, կյանքի ամեն պահը սիրո զգացմամբ ապրելու կենսուրախությամբ, մյուս գործը զվարճալի պատմություն է՝ սիրային փոփոխվող «եռանկյունիներով»: «Սպասուհին» երգիչները կատարեցին Ֆրանսիական սրամտությամբ, արտիստիկ, ասես թե մի փոքրիկ բեմադրություն ներկայացնեին:
Մի սիրային պատմություն էլ կենդանացրեց Պ. Քարազյան - Սվ. Հովհաննիսյան երգչական զույգը: «Ավաղ, երբ տեսնում եք» սիրերգը 15-րդ դարի հեղինակ Դյուֆայինն է: Անհայտ հոգևորականի ապօրինածին զավակը, որ կրում էր իր մոր ազգանունը, ինքն էլ հոգևորական պիտի դառնար, դասվեր կարդինալների մերձավորների ու վստահյալների շարքը և պետք է հիշվեր սերունդների կողմից՝ որպես երգահան ու երաժիշտ, պետք է արվեստի պատմության մեջ մնար իր հոգևոր և աշխարհիկ երաժշտությամբ, մոտետներով՝ գրված տաճարների բացման առիթով, իշխաններին ձոնված իր բալլադներով, եկեղեցական արարողությունների համար գրված պոլիֆոնիկ վոկալ ժանրի ստեղծագործություններով, մագնիֆիկատներով, հիմներով ... Եվրոպայի այն տարիների ամենահայտնի կոմպոզիտորը նաև 87 աշխարհիկ երգերի հեղինակ էր. Դյուֆայի շանսոնները մեծամասամբ փոքրածավալ երգեր են, որոնցում տեքստերի տարբեր մասերը համադրվում են միևնույն երաժշտական թեմայով կամ դրան մոտիկ տարբերակներով: Որպեսզի կրկնությունը շահեկանորեն ներկայացվեր, երաժշտությունը պետք է լիներ ճկուն և հյութեղ: Դյուֆայի շանսոնները պատկերավոր են, միաժամանակ՝ պարզ: Շանսոնների գործիքային մուտքն ու ավարտը համակցված են մարդկային ձայնի առաջնայնությամբ: Ֆրանսիական նման երգերի տեսակը գալիս է դեռևս տրուբադուրներից:
«Տաղարանի» կատարմամբ միջնադարյան Ֆրանսիական երգերը հնչեցին վառ, կենդանի, գունեղ՝ ֆրանսերենի անուրանալի երգչական հմայչությամբ...
Հասմիկ Սարգսյան