կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-27 14:30
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ-ի գործընկերներին ներկայացրել է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ-ի գործընկերներին ներկայացրել է  հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում մասնակցել է Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերն կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացներին։

 Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

 Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին է հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։