|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը հանգեցրել են լարվածության նվազման Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչն իր հերթին հնարավորություն է տվել ակտիվացնելու երկխոսությունը, որն անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի համար։ Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումները հնարավորություն են տվել հասնելու որոշակի պայմանավորվածությունների՝ միտված վստահության ամրապնդմանը և բանակցային խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Վերջին տասնամյակներում առաջին անգամ բարձր մակարդակով ուղիղ կապ է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ընդգծեց նա՝ հավելելով որ, այնուամենայնիվ, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում պահպանվում է բարդ իրադրություն, ինչը, նախևառաջ, պայմանավորված է սահմաններին մոտ բարձր կոնֆլիկտային պոտենցիալի առկայությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ տարածաշրջանում ազդեցությունը ամրապնդելու ձգտմամբ: