Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու ողջույնները և վերահաստատեց Երևան այցելելու հրավերը։ Նախարար Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին ներկայացրել է Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը։
Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը:
Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին ներկայացրել է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրել է իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։
Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծել է, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։
Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Ֆինլանդիայի Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի Նախագահին։