|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից:
Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ:
Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը: