Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը անկյունադարձային եղավ սիրիահայերի համար. ներկայումս Հալեպը շատ ավելի կայուն վիճակում է գտնվում: Կային կենցաղային դժվար պայմաններ, որոնք այսօր արդեն տարբեր միջոցներով հաղթահարվել են, ճանապարհներն օրըստօրե բացվում են, լուծվել է ջրամատակարարման ու վառելանյութի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնվել է էլեկրտականությունը»,–«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ հավելով, որ սիրիահայերը բնականոն հունով են ապրում, զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով և տները վերանորոգելով:
Նա նշեց նաև, որ ազգային հաստատությունները, եկեղեցիները, ակումբներն ու դպրոցներն ամենածանր օրերին անգամ չեն դադարեցրել ազգապահպան գործունեությունը: Զգալի վնասներ կրած «Կարեն Եփփե» ազգային ճեմարանի երկու շենքերից մեկն է այս տարեշրջանում վերանորոգվել, հաջորդիվ շինարարական աշխատանքներ են կատարվելու Հալեպի հայ ազգային պատսպարանի, Սիրիայի ազգային օգնության «Կարմիր Խաչի» հիվանդանոցի և մի շարք ազգային կառույցների վերականգման ուղղությամբ:
«Կարծում եմ՝ մոտ ժամանակահատվածում որոշակի անվտանգության հարցեր կարգավորելուց հետո իր աշխատանքները կսկսի նաև Սիրիայի օդանավակայանը. Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ առումով: Որոշ շրջաններում դեռ կան զինյալ ահաբեկչական խմբեր և բնականոն թռիչքների պարագայում հնարավոր է հրթիռակոծություններ լինեն, հետևաբար, անվտանգության նկատառումներից ելնելով, կառավարությունը դանդաղում է պաշտոնապես օդանավակայանը վերագործարկել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Իր խոսքում սիրիահայ պատգամավորը նաև ընդգծեց, որ Քեսապի ու Լաթաքիայի հայերն էլ ապրում են սովորական ռիթմով: Այն մարդիկ, ովքեր Հալեպից տեղափոխվել էին Լաթաքիա կամ Քեսապ, այսօր վերադառնում են իրենց տները, Դամասկոսը նույնպես կարելի է ազատագրյալ տարածք համարել:
«Ճիշտ է, ազատագրվեց նաև Դեր Զորը, բայց այնտեղ հայ բնակիչ գրեթե չմնաց, սակայն ունենք խոնարհված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի՝ մարտ ամսին ազգային իշխանության ներկայացուցիչների հետ Դեր Զոր կատարած այցելությունից հետո եկեղեցին և հուշահամալիրը վերանորոգելու որոշում է կայացվել»,-զրույցն ամփոփեց Ժիրայր Ռեիսյանը: