կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 13:14
Տարածաշրջան

Քրդական շարժման անդամները հպարտ են, որ իրենց հայ են անվանում. Կարո Փայլան

Քրդական շարժման անդամները հպարտ են, որ իրենց հայ են անվանում. Կարո Փայլան

Կ.Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս»-ում Վարդան Էստուքյանը «Առանց հայերի դարձյալ չկարողացան» վերնագրով հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

«Մինչ Սուրուչի կոտորածից հետո սկսված կոնֆլիկտների գործընթացը ուժգնանում էր, «հակաահաբեկչական» երթերի ու միջոցառումների ընթացքում հայերն էլ ատելություն պարունակող ելույթներում իրենց բաժինը ստացան: Այս անգամ անվտանգության ուժերն էլ դեր ունեցան. Ջիզրեի շրջափակման ժամանակ անվտանգության ուժերի արած հայտարարության մեջ լսելի դարձան «հայերը ձեզ սիրում են», «բոլորդ հայ եք» արտահայտությունները: Այդ տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո պաշտոնական ոչ մի հայտարարություն չհնչեց: Իգդիրում զոհվածի հուղարկավորությանը մասնակից մեկը գոռաց, թե «բոլոր ՔԲԿ-ականները հայեր են»: Քուրթուլուշ թաղամասում, ուր մեծ թվով հայեր են ապրում, դրոշներով երթի ժամանակ աչքի ընկավ մի խումբ երիտասարդների կողմից պարզված պաստառ` «Ջիզրեն` քրդերի, Քուրթուլուշ թաղամասը` հայերի գերեզման է լինելու» գրությամբ: Ուշագրավն այն էր, որ այս պաստառը պարզած ցուցարարներին ցույցից հետո հատուկ մեքենաներով ուղեկցել էին տուն: Այս երևույթն ակամայից հարց առաջ քաշեց՝ արդյո՞ք երթի կազմակերպիչները թաղի բնակիչները չէի՞ն: Դրանից մի քանի օր անց Քուրթուլուշում և Քինալըադայում միաժամանակ երթ կազմակերպվեց: Այս երթերի առանձնահատկությունն այն էր, որ երկու տեղերում էլ նմանատիպ միջոցառում առաջին անգամ էր տեղի ունենում:

Այս ցույցերը, որոնց մասին հայտարարելու նպատակով դեռ մի քանի օր առաջ բաներներ տեղադրվեցին, տեղի ունեցան սեպտեմբերի 13-ին՝ կիրակի: Ժամը 13:00-ին Քուրթուլուշի  (հայերեն՝ փրկության) «Վերջին կանգառում» հավաքված մոտ 100 հոգանոց խումբը, որն իրեն կոչեց «Փրկության երիտասարդներ», «Զոհերն անմահ են, հայրենիքը՝ անբաժանելի», «Տեր կանգնիր քո զոհին» և նմանատիպ պաստառներով Օսմանբեյում հանդիպեց մեկ այլ խմբի, և երթն այդպիսով իր վերջը գտավ:

Աննախադեպ ցույց կազմակերպվեց նաև` հատկապես ամռանը հայերով բնակեցված Քընալըադայում: Այնտեղ ցույցը հենց այնպիսին էր, ինչպես Քուրթուլուշում. այստեղի երիտասարդներն էլ իրենց «Քընալըադայի երիտասարդները» անվանեցին, սակայն այս ցույցի մասնակիցների թիվը չգերազանցեց 20-ը: Այս երթի մասնակիցների ձեռքին ևս կային «Զոհերն անմահ են, հայրենիքը՝ անբաժանելի», «Էզանը (աղոթք.-խմբ.) չի ընդհատվի, դրոշը չի իջնի» գրությամբ պաստառներ»:

Էսթուքյանի հոդվածում նշվել է նաև, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը Ջիզրեի ոստիկանության կողմից արված` «Բոլորդ հայ եք» հայտարարությւան կապակցությամբ պատրաստվում է խորհրդարանում հարց բարձրացնել:  Նշելով, որ այդ հայտարարությունը ժողովրդի շրջանում արձագանք չի գտել, նա «Ակօս»-ի հետ զրուցում ասել է. «Այս հայտարարությունները արվում են իշխանությունների կողմից ժողովրդին հրահրելու նպատակով: Եթե լինեին 80-ականները կամ 90-ականները, այս հայտարարությունն իր նպատակին կծառայեր, սակայն այժմ ժողովուրդն ամեն ինչ գիտակցում է, հատկապես այն, որ հայ լինելը վիրավորանք չէ: Անցյալում այդ շրջաններում «հայ» բառն օգտագործվել է որպես վիրավորանք, սակայն այսօր, հատկապես` Քրդական ազատագրական շարժման անդամները, նաև` ժողովուրդը, դրանից ոչ թե վիրավորանք, այլ հպարտություն են զգում: Ջիզրեն 1915 թվականին մեծ թվով հայերով բնակեցված շրջան էր: Այսօր այնտեղ բնակիչներն ամեն ինչ գիտակցում են: Ասում են՝ եթե մենք թույլ չտայինք 100 տարի առաջ հայերի դեմ կատարված մեծ արհավիրքը, այսօր այս ամենը տեղի չէր ունենա, 100 տարի առաջվա մտածելակերպն այժմ մեր դեմ է»:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի