կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 17:12
Տարածաշրջան

Չեն կարողանում տանել այն, որ հայը բացահայտում է իրենց ստերն ու հպարտ կանգնում նրանց դիմաց. Կարո Փայլան

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Bianet կայքի հետ զրույցում մեկանաբանել է երեկ իր դեմ տեղի ունեցած հարձակումը: Նա ասել է, որ մոտ 10-15 հոգանոց խմբի կողմից մեջլիսում իր վրա հարձակումը ծրագրված է եղել նախօրոք` իր` հայ լինելու պատճառով:

«ԱԶԿ-ականը պնդեց, որ նախորդ նիստի ժամանակ ԺԴԿ-ականները հարձակում են իրականացրել, իսկ ես ընդամենը առարկեցի նրա ասածին, ու հարձակումն սկսվեց: Ակնհայտ է փաստը, որ ես էի նրանց թիրախում: 20-30 վայրկյանում մոտ 100 հարված ստացա, որից հետո էլ ռասիստական և ատելություն պարունակող կոչեր ուղղեցին ինձ»,-պատմել է Փայլանը:

Հայ պատգամավորը, սակայն, չի դիմի դատարան: «Եթե այս հարցը դատարանում բարձրացնեմ` ի՞նչ է փոխվելու: Ես կատարվածը թողնում եմ հանրության խղճին»,- նշել է պատգամավորը` կրկնելով` հարձակումը տեղի է ունեցել իր` հայ լինելու պատճառով:

«Այս դեպքից հետո կարող ենք ասել, որ խնդիրն իմ հայ լինելն էր: Քանի որ այնտեղ հնչեցված ատելության խոսքերն ուղղակիորեն իմ ինքնության դեմ էին: Նրանք չեն կարողանում հանդուրժել այն, որ հայ ինքնությամբ մեկը բացահայտում է իրենց ստերն ու հպարտ կանգնում նրանց դիմաց: Նրանք ցանկանում են տեսնել հուսախաբ հայի: Որպես իրավունքի համար պայքարող հայ` ուղղակիորեն դարձել եմ նրանց թիրախը և ենթարկվել հարձակման: «Կարոն այստեղ է, Կարոն այստեղ է…» նրանց բացականչությունները ցույց են տալիս, որ հարձակումը նախօրոք ծրագրված էր: Նրանք ծրագրել են հետևյալը` առաջին իսկ առիթի դեպքում նրանց ծնկի ենք բերելու և իրենց տեղը ցույց տալու»: «Կարոն այստեղ է» կանչերն արդեն ամեն ինչ պարզ են դարձնում»,- հայտարարել է Փայլանը:

Հիշեցնենք, որ որ երեկ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ քննարկումների ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԺԴԿ-ի և Էրդողանի կուսացկության պատգամավորների միջև, ինչից հետո քրդամետ պատգամավորները, այդ թվում` Կարո Փայլանը, լքել էին դահլիճը: Նրանց բացակայության ընթացքում ընդունվել էր առաջարկ` փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ` մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար: