Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի կրթական համակարգը, հատկապես` պատմության դասերը:
Ըստ Ensonhaber-ի` նա նշել է, որ այլազգիների, հատկապես` հայերի մասին կողմնակալ տեղեկատվություն է մատուցվում, և առաջարկել է դպրոցական դասագրքերում ընդգրկել ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնյաների անուններ: Փայլանն իր առաջարկը բացատրել է նրանով, որ թուրք երեխաների համար հայերի կամ այլ ազգերի ներկայացուցիչների ներկայությունը երկրում արտառոց երևույթ չդառնա: Նա հիշեցրել է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի հոդվածներից մեկը, որում նա խոսել էր Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Ալիի ու Հակոբի` միասին խաղալու»` իր երազանքի մասին: «Ինչպես երազում էր Հրանտ Դինքը՝ մի անգամ էլ թող Ալին գնդակը Հակոբին նետի, Բերֆինին (քրդական անուն) նետի: Ալին դեռ միայն Ահմեդին է նետում: Եկեք Հրանտ Դինքի երազանքն իրականացնենք»,- ասել է Փայլանը:
Հիշելով ուսանողական ու բանակային տարիներին իր վերապրածները` պատգամավորը ներկայացրել է իր հետ պատահած մի ուշագրավ պատմություն: «Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ` հայ եմ, ուշաթափվեց, ընկավ: Որովհետև նրան այլ կերպ էին պատմել հայերի մասին: Ասում էր՝ բայց դու շատ լավ մարդ ես, ինչպե՞ս կարող ես հայ լինել: Նա երբեք հայ չէր տեսել»,- ասել է Փայլանը:
Նա պատմել է նաև, թե ավագ դպրոցում իր շատ համադասարանցիներ նախընտրել են չշփվել իր հետ, քանի որ մտածել են` «հայերն իրենց մեջքից հարվածել են». այդպես է գրված պատմության դասագրքերում: