կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 11:15
Հասարակություն

Ադրբեջանը, կարծես, դաս չի քաղել. Նալբանդյանի հարցազրույցը` BBC-ին (տեսանյութ)

Ադրբեջանը, կարծես, դաս չի քաղել. Նալբանդյանի հարցազրույցը` BBC-ին (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն օրերս հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի ռուսական ծառայությանը: Ամբողջական հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր, Նալբանդյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և սահմանին առկա լարվածությանը: 

Պատասխանելով հարցին` ինչո՞ւ է սահմանին աճում լարվածությունը, և ի՞նչ պետք է անի Հայաստանը` լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար,  Նալբանդյանն ասել է,  որ Հայաստանը դա պետք է անի միջազգային հանրության հետ համատեղ։

«Միջազգային հանրությունը որոշակի ընդհանուր մոտեցում է մշակել, որի հիման վրա առաջարկել  է լուծել հակամարտությունը: Այլ հարց է, որ  կողմերից մեկը՝ Ադրբեջանը, հրաժարվում է այդ հիմքով  կարգավորումից, ավելին՝ ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն։ Վերջին 30 տարում 160 միլիոնից այդ թիվը հասել է 5 միլիարդի։ Վերջին 10 տարում` 30 անգամ: Եվ ոչ միայն ավելացրել է, այլև մշտապես սադրանքների է գնում, մշտապես սպառնում է, թե ուժ կկիրառի, նոր պատերազմ կսկսի։ Չէ որ հայտնի է, թե Ադրբեջանի համար ինչ ավարտ ունեցավ այն ավանտյուրան, որին նա գնաց մի քանի տարի առաջ: Ադրբեջանը, կարծես, դրանից դաս չի քաղել և դարձյալ կորցրել է իրականության զգացողությունն ու դարձյալ սկսում է սպառնալ»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանը նշել է, որ հունվարին Մինսկի խումբը հայտարարություն արեց՝ Ադրբեջանին կոչ անելով դադարեցնել սադրանքը շփման գծում, դադարեցնել ՄԽ համանախագահներին ուղղված քննադատությունը, սակայն նրանց բոլոր առաջարկություններն Ադրբեջանը դարձյալ մերժեց:

ՀՀ արտգործնախարարը խոսել է նաև Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին: «Երբ ողջ աշխարհը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը,  ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ հակամարտության գոտում լարվածությունն ուժեղացնելով: Սակայն դա նրան չի օգնում: Ադրբեջան մեկնող լրագրողները տեսնում են` ինչ է այնտեղ կատարվում թե\' լրագրողների, թե\' քաղբանտարկյալների, թե\' ոչ կառավարական կազմակերպությունների, թե\', հատկապես, հակամարտության կարգավորմանը կողմ արտահայտվողների հետ: Նրանք  բանտարկվում են, և նրանց բոլորին Հայաստանի լրտեսներ են կոչում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։