կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 17:41
Հասարակություն

Ռազմավարական ապրանքների առևտրում ռուբլուն անցումը ձեռնտու չէ ՌԴ-ին. Գարեգին Նուշիկյան

Ռազմավարական ապրանքների առևտրում ռուբլուն անցումը ձեռնտու չէ ՌԴ-ին. Գարեգին Նուշիկյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ  ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլիով հաշվարկին՝  հրաժարվելով դոլարից կախվածությունից։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը Yerkir.am-ի զրույցում ասաց, որ ռազմավարական ապրանքների առևտրում ռուբլուն անցում կատարելը ձեռնտու չէ Ռուսաստանին:

«Հասկանում ենք, որ խոսքը ստրատեգիկ ապրանքների մասին է: Կոնկրետ մեր երկրի համար դա վառելիքն է և գազը, որը գաղտնիք չէ: Այդ ոլորտները մեզանից ամենաշատ տարադրամ պահանջողներն են: Եթե դա լինի ռուբլիով, կվերաբերի ամենաշատն այն  տնտեսվարողներին, որոնք ապրանքներ են արտահանում Ռուսաստան: Քանի որ մեզ մոտ ռուբլին այդքան էլ գործածական չէ, դրա համար ձեռնտու չէ ռուբլիով, բայց երբ որ ռուբլին գա հանրապետություն, և գազի և  վառելքի ոլորտում վճարումները ռուբլիով իրականացվեն  դա մեզ համար շատ ձեռնտու  կլինի»,- ասաց Նուշիկյանը`հավելելով. «Ռուսաստանի համար չեմ կարծում, որ ձեռնտու տարբերակ է, քանի որ նրանք, իրենց ծավալային առումով, համեմատած մեր արտահանման հետ,  ավելի շատ գազ ու վառելիք են մատակարարում: Դա ավելի շատ մեզ է ձեռք տալիս: Սա բոլորովին էլ չի նշանակում, որ ԵՏՄ երկրներում պետք է միասնական արժույթ լինի, և մենք պետք է  հրաժարվենք  մեր դրամից: Դա բոլորովին էլ այդպես չէ»:

Խոսելով ԵՏՄ երկրներում միասնական արժույթի  մասին` Նուշիկյանն  ասաց. «Եթե Եվրոպան միասնական եվրոյի է անցել, ի՞նչ վատ է: Դա պետք է  ուսումնասիրել, նայել: Եթե Եվրոպայի համար այդ միասնական արժույթն օգուտ է, այլ ոչ` վնաս, մեզ համար էլ կարող է նույնը լինել»: