կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 15:01
Քաղաքական

Փոստանջյանն ԱԺ-ում պահանջում է Սերժ Սարգսյանին

Փոստանջյանն ԱԺ-ում պահանջում է Սերժ Սարգսյանին

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին հարց ուներ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ո՞նց եք գնահատում, որ այս սահմանադրական փոփոխությունների հեղինակը՝ Սերժ Սարգսյանը, չի ներկայանում այս քննարկումներին ու չի պատասխանում պատգամավորների հարցերին: Նա այդպես էլ պետք է փակվա՞ծ մնա Բաղրամյան 26-ում, թե՞ կգա ու կհայտնի, թե ինչու որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ»,- հարցրեց նա:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է անցկացնում թե\' խորհրդարանական, թե\' արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, և երբ սահմանադրական փոփոխությունները քննարկելու համար լսումներ, քննարկումներ են անցկացվում, ապա դա հենց պատգամավորի հարցի պատասխանն է:

«Եթե որոշ քաղաքական ուժեր հակված չեն դա տեսնել, դա նրանց խնդիրն է: Գուցե չեն կարդում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որովհետև այդքան մտավոր ունակություններ չունեն, որ հասկանան, կամ էլ չեն կարդում, որովհետև շոուների սիրահար են»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Զարուհի Փոստանջյանը կրկին պնդեց, որ հարցեր կան Սերժ Սարգսյանին:

Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Ձեր խմբակցությունը գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, հետո ասում եք` դա օրինական չի եղել: Մի հատ նայեք ձեր նախընտրական ծրագրերը: Համարեք, որ տեսախցիկների առկայությամբ որոշ դեսպանատների ուղղված ձեր ելույթը հաջողվել է ու տեղ է հասել»: