կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-07 13:30
Քաղաքական

Փոստանջյանն առաջարկում է ԱԻ-ՏԿ միավորված նախարարությունները միավորել որևէ երրորդ նախարարության

Փոստանջյանն առաջարկում է ԱԻ-ՏԿ միավորված նախարարությունները միավորել որևէ երրորդ նախարարության

Այսօր ԱԺ-ում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց կառավարության նախագիծը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը, նաև ստեղծել մեկ նոր նախարարություն, որը կկոչվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:


«Հարգարժա'ն գործընկերներ, ուզում եմ ձեզ ասել, որ այս օրենքի ընդունմամբ այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանում: Այս օրենքով նոր ծախսեր բյուջեով չեն առաջանում, և կառավարությունը համարում է, որ այս փոփոխություններով առավել արդյունավետ կդառնա կառավարության գործունեությունը»,- ասաց արդարադատության նախարարը:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նրանից հետաքրքրվեց, թե նոր ստեղծվող նախարարության հաստիքացուցակներն արդեն հաստատվա՞ծ են:


«Հաստիքացուցակները, հարգարժա'ն պատգամավոր, չեն կարող հաստատված լինել, քանի դեռ չկա համապատասխան մարմինը: Դա կարվի համապատասխան մարմնի ստեղծումից հետո` օրենքի ընդունման պայմաններում»,- ասաց Հովհաննես Մանուկյանը` հավելելով որ այն գործառույթները, որոնք ապագայում դրված կլինեն այդ միասնական նախարարության առջև, կարող են իրականացվել այն հաստիքների և այն ֆինանսավորման շրջանակներում, որը նախատեսված է բյուջեով:


«2008թ. մարտի 1-ից հետո, երբ ձևավորվում էր նոր նախարարություն, պարզվեց, որ անհրաժեշտ են նոր պորտֆելներ և ստեղծվեց ԱԻՆ-ը, Ազգային ժողովում ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որոնք պետբյուջեից մեծ գումարներ են ստանում: Եվ կարծում եմ` նորից նույն գործընթացն է կրկնվում, և նոր նախարարության ստեղծման կարիքը չկա»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և հավելեց, որ այս սուղ պայմաններում, երբ բյուջեի միջոցները բավարար չեն, փորձում են կրճատել հղիներին տրվող նպաստները, երբ թոշակառուներն արժանավայել թոշակ չեն ստանում, ևս մեկ նախարարության անհրաժեշտություն չկա:

 

«Ավելին` կարելի է այս նախարարության գործառույթը փոխանցել մեկ այլ նախարարության և կրճատել ևս մեկ նախարարություն և այդ գումարներն ուղղել ավելի նպատակային ծախսերի: Նաև այստեղ կան հանձնաժողովներ, որոնք նույնիսկ նիստեր չեն գումարում, բայց այդ հանձնաժողովներին գումարներ են տրամադրվում: Կարծում եմ` այդ գումարները պետք է տնտեսվեն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: