կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-03 15:52
Քաղաքական

Փոստանջյանն Ամանորին էլ «հանգիստ չի տալիս» ՀՀԿ-ական պատգամավորին

Փոստանջյանն Ամանորին էլ «հանգիստ չի տալիս» ՀՀԿ-ական պատգամավորին

 ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) ԱԺ-ի «կապիկներից» է՝ ծնվել է կապիկի տարում: Yerkir.am-ի հետ զրույցում ասում է` ամբողջ աշխարհը խառնվել է իրար, հետո` հավելում. «Աստված տա` վերջը բարի լինի: Հատկապես` ռուս-թուրքական հարաբերությունները պետք է նկատի ունենանք, որովհետև մենք մեջտեղում ենք գտնվում: Եթե խոսենք Հայաստանի մասին, չենք կարող չասել, որ մեզ մոտ ամեն ինչ ընթացել է բնականոն հունով: Մեր իրականության կարևորագույն քաղաքական ձեռքբերումը սահմանադրական հանրաքվեն էր: Սա իրապես ձեռքբերում էր մեր երկրի համար»:

Պարզվում է` անգամ ամանորյա տոնակատարությունները ՀՀԿ-ական պատգամավորներին մոռացնել չեն տալիս Զարուհի Փոստանջյանի գոյությունը: Պատասխանելով հարցին, թե 2015-ին կանանցից ով է ամենավառ տպավորությունը թողել իր վրա` պատգամավորը նշեց. «Ես չեմ կարող չտալ Զարուհի Փոստանջյանի անունը: Թեև ինձ համար տարվա կինն իմ կինն է, բայց Զարուհի Փոստանջյանն էլ մեր քաղաքական դաշտի այն կինն է, ով աչքի ընկավ ամեն ինչով: Եթե տարվա կին քաղաքական գործիչը Զարուհի Փոստանջյանն է, ուրեմն տարվա տղամարդ քաղաքական գործիչն էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է»: Հետո հայտարարեց` սա` որպես հումոր:

Իսկ ավելի լուրջ` ՀՀԿ-ական պատգամավորի համար տարվա կին քաղաքական գործիչը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, տարվա տղամարդ քաղաքական գործիչն էլ` Սերժ Սարգսյանը: Պատգամավորի խոսքով` թեև չինական հորոսկոպով կապիկի տարում ծնվածներին նախանշված է փոխել իրենց գործունեության ոլորտը, բայց ինքը չի պատրաստվում հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելուց: «Քանի որ, որպես պատգամավոր, 2017 թվականին է իմ գործունեությունն ավարտվում, չեմ պատրաստվում հրաժեշտ տալ 2016-ին: Ինձ ընտրել է ժողովուրդը, և ես հուսախաբ չեմ անի նրանց»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի` մեր քաղաքական դաշտում իսկապես կան կապիկներ, բայց խուսափեց կոնկրետ անուններ տալուց: «Կապիկություն անելն արհեստածին է, և ոչ անկեղծ երևույթների հիմքում հենց կապիկությունն է, մինչդեռ` կապիկն օժտված է ճարպկությամբ, համարձակությամբ և նրա ցանկացած դրսևորում բնության հետ ներդաշնակ է ու բնական»,- բացատրեց պատգամավորը և հավելեց. «Անկախ նրանից, թե ինչ կենդանու տարի է լինելու, կամ էլ ով է ծնվել այդ տարում, նրա համար ինչեր են նախանշված, չեմ կարող չնշել ամենակարևորը` թող սահմաններին խաղաղ լինի, թող սպանություններ չլինեն, և թող մեր մայրերը հանգիստ իրենց գլուխները բարձին դնեն»: