Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղը ուղիղ 24 տարի առաջ այս օրը հռչակվեց անկախ հանրապետություն: Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նշեց, որ այս տարիների ընթացքում ԼՂՀ և ՀՀ համար կարևորագույն ձեռքբերումն այն է, որ մեր վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ:
«Արցախը մեր առաջնագիծն է, այն մեզ պաշտպանում է թշնամուց: Այս տարիների ընթացքում Արցախը հզորացել է և բոլորին ապացուցել, որ ունի ուժեղ կամք ու թշնամուն հետ շպրտելու, վախեցնելու մեծ կարողություն: Մեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ շատ է մեծացել:
Մենք ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա»,- ասաց Կոմանդոսը` հավելով, որ Հայաստանն ու Արցախը միասին կարող են հավերժ պահպանել մեր անկախությունը: «Շատ գեղեցիկ խոսք կար առաջ` միացում, այսինքն` մենք հզոր ենք միասին, բայց, չգիտես ինչու, վերջին շրջանում այդ միացում հասկացությունը մի տեսակ արժեզրկվել է, ոմանք մոռանում են այդ մասին»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով`արցախահայությունը հավատաց իր ուժերին և դրանով առաջ շարժվեց` շատ-շատերին ապացուցելով, որ իրենք իրենց տեղում ամուր են կանգնած:
«Տարիներ շարունակ մենք հաղթահարել ենք դժվարություններ, 90-ական թվականներին թշնամին կրկին ցանկություն հայտնեց Սևանում լողալ, Զանգեզուրը վերցնել, Նոյեմբերյանը վերցնել: Ժամանակը ցույց տվեց, որ մենք կարող ենք դիմակայել ցանկացած դժվարության, հաղթահարել դրանք ու առաջ շարժվել:
Մենք հասկացանք, որ գենետիկորեն ռազմիկ ենք, մենք կարող ենք միշտ կռվել, պաշտպանել մեր երկիրը, հաղթել: Մենք ոչ միայն մեր երկիրն ենք պաշտպանել, ամենուրեք մեր զինվորները իրենց արիությամբ են աչքի ընկել»,- ասաց Թադևոսյանը և շնորհավորեց բոլորիս Արցախի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: