կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-21 22:05
Իրավական

Ո՞վ ասաց, որ իրավապահների նկատմամբ վստահությունը մեծացել է

Ո՞վ ասաց, որ իրավապահների նկատմամբ վստահությունը մեծացել է

Լոռու մարզի դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ «Հայփոստ»-ի Վանաձորի երկու բաժանմունքների աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ` կենսաթոշակային ցուցակները կեղծելու համար:

 

Դատախազ Կարեն Շահբազյանն ասաց, որ խիստ ստուգումներ են իրականացվում մարզի մյուս բաժանմունքներում ևս: Քրեական գործ է հարուցվել նաև քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ: Նշվում է, որ Մարինե Թումանյանը կեղծել է նպաստառուների ցուցակները, ցուցակում մնալու և նպաստ ստանալու համար Վանաձորի մի բնակչից պահանջել է 175 հազար դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ դատախազի` բնակչության շրջանում կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ 20 հազարի համար բժշկուհիներ կալանավորվեցին, իսկ սոցաշխատողն ազատության մեջ է: «Նա խնամքին ունի երկու անչափահաս երեխա և ներկայացրել է հղիության վերաբերյալ փաստաթուղթ»,- նշել է նա:

 

Իսկ բժշկուհիների գործով նախաքննություն է իրականացվում, նշանակված են փորձաքննություններ: Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի նյարդաբան Գայանե Գասպարյանը և Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանը ձերբակալվել էին փետրվարին` կաշառք ստանալու մեղադրանքով: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին:

 

Մարզում վերջին մի քանի ամսում կոռուպցիոն դեպքերի բացահայտումը Կ. Շահբազյանը դրական ցուցանիշ է համարում: Հարցին, թե դրանք մինչ այժմ չկային՞, թե՞ չէին բացահայտվում, դատախազը պատասխանել է. «Սա ապացուցում է, որ հասարակության շրջանում ավելացել է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ»:

 

«Մեծ» կոռուպցիաների մասին Կ. Շահբազյանը չի խոսում: Երևի Լոռու մարզում դրանք չկան: Դատախազն անդրադարձել է նաև քաղաքում գրանցված վերջին սպանություններին. «Սպանությունն, իհարկե, արտառոց իրադարձություն է մարզի համար և մտահոգիչ է, սակայն կենցաղային հողի վրա սպանություններ միշտ են եղել: Ես սպանությունների թվի աճ չեմ նկատում, փոխարենը նկատելի է, որ մարզում չկան հանցավոր խմբավորումների միջև պարզաբանումների արդյունքում և հրազենի գործածմամբ գրանցված սպանություններ»: