կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-20 16:19
Հասարակություն

Մեծացել է հետաքրքրությունը ինտենսիվ այգիների պետական օժանդակության ծրագրերի նկատմամբ. փոխնախարար

Մեծացել է հետաքրքրությունը ինտենսիվ այգիների պետական օժանդակության ծրագրերի նկատմամբ. փոխնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  ներկայացրել է բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, անդրադարձել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև խորհուրդներ տվել գյուղացիական տնտեսություններին ընթացիկ տարվա բնակլիմայական գործոններով պայմանավորված բույսերի պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Նա մասնավորապես նշել է, որ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրերում այս տարի փոփոխություններ են կատարվել։

«Ծրագրերը մեկնարկել են նախորդ տարի, այս տարի մենք փոխել ենք մոտեցումները և դրանք մեր կարծիքով գյուղացիական տնտեսությունների համար դարձրել ենք առավել մատչելի և հասանելի»,- ընդգծել է Գառնիկ Պետրոսյանը։

Այդ թվում՝ հանվել է աշխատանքները կապալառու կազմակերպությունների միջոցով իրականացնելու պարտադիր պայմանը, ինտենսիվ այգիների դեպքում՝ բացի պտղատու այգիներից և հատապտղանոցներից, շահառուներին նաև   խաղողի այգիների հիմնման հնարավորություն է տրվել, հանվել է նաև կարկտապաշտպան ցանցերի պարտադիր առկայության պայմանը։  Միաժամանակ երկարաձգվել է վարկի մայր գումարի մարման ժամկետը, էականորեն իջեցվել է տոկոսադրույքը, այժմ վարկը տրամադրվում է  2 % տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ, որի ընթացքում մայր գումարի մարումներ չեն կատարվում։ Բացի այդ, այժմ շահառուները հնարավորություն ունեն ոչ միայն վարկ վերցնել ինտենսիվ այգիների հիմնման և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար, այլև օգտվել գումարի հետվերադարձի տարբերակից։ Արդյունքում՝ արդեն ունենք 12 հա ինտենսիվ այգիների ներդրման համար կնքված վարկային համաձայնագրեր, 8 շահառուներ դիմել են փոխհատուցման տարբերակից օգտվելու համար, որոնցից 5-ի հայտերը բավարարվել են՝ տեղեկացրել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ դրական տեղաշարժեր կան նաև կաթիլային ոռոգման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրում։  Եթե 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում  ծրագրի շրջանակում 146 հա կաթիլային համակարգ է ներդրվել, այս տարվա մի քանի ամիսների ընթացքում արդեն 112 հեկտարի համար վարկային համաձայնագրեր են կնքվել, քննարկման փուլում են գումարի հետ վերադարձի համար նախարարություն ներկայացված մի շարք դիմում-հայտեր։

Կարկտապաշտպան ցանցերի սուբսիդավորման փոփոխված պայմաններով ծրագիրը նոր է մեկնարկել, ծրագրից օգտվելու համար դեռևս հայտեր չեն ներկայացվել, քանի որ այն բավականաչափ ֆինանսական միջոցներ է պահանջում, սակայն փոխնախարարը նշում է, որ հանրապետության մի շարք մարզերում ակտիվորեն այգետնկումներ են կատարվում՝ հիմնականում օտարերկրյա ներդրումներով, որոնցում և՛ կաթիլային ոռոգման համակարգեր են ներդրվում, և՛ կարկտապաշտպան ցանցեր են տեղակայվում։

Այս տարի նոր ծրագիր է մեկնարկել տեղական սերմնաբուծության զարգացման ուղղությամբ: «Վերջին տասնամյակի ընթացքում որպես կանոն տեղական հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմացուների պահանջարկը բավարարվել է դրսից ներկրումների հաշվին, որը, մեր համոզմամբ, իրեն չի արդարացնում այն պարզ պատճառով, որ ներկրված սերմացուները կրկնակի անգամ ավելի թանկ արժեն, քան դա կարելի է ստանալ մեր երկրում», – նշել է փոխնախարարը: Նրա խոսքով` տեղական սերմնաբուծությունը խթանելու նպատակով հանրապետության տարբեր գոտիներում արդեն իսկ ստեղծվել են տնկարաններ և խնդիր է դրվել 2023 թվականին  հանրապետության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ ոլոռի, սիսեռի և ոսպի սերմացուների պահանջարկը բավարարել տեղում արտադրված սերմացուների հաշվին: 

Ոլորտի խնդիրների թվում Գառնիկ Պետրոսյանը կարևորել է լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարը։ Փոխնախարարը նշել է, որ ջերմատան պայմաններում առկա են ցեցի տարածումը կանխելու բազմաթիվ մեթոդներ, իսկ բաց գրունտի համար մշակվել է ծրագիր, ձեռք են բերվել ֆերոմոնային թակարդներ, որոնք ներկայումս տեղադրվում են Արարատի և Արմավիրի մարզերում, փորձնական նմուշներ կտրամադրվեն նաև այլ մարզերում:  Բացի այդ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ  համատեղ Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքներում իրականացվում է ցեցի դեմ պայքարի համալիր միջոցառումների պիլոտային ծրագիր: Փոխնախարարը կոչ է արել ճիշտ ժամանակին ձեռնարկել վնասատուի դեմ պայքարի միջոցառումները, ինչը թույլ կտա խուսափել բերքի կորստից և ապահովել կայուն իրավիճակ։ Միաժամանակ նա շեշտել է, որ վնասատուի զարգացումն անհնար է կասեցնել մեկ գործողությամբ. արդյունավետ պայքարը հնարավոր է ապահովել միմիայն համալիր միջոցառումներ ձեռնարկելով` սկսած նախորդ տարվա աշնանից մինչև վաղ գարնան ժամանակահատվածի և ամբողջ վեգետացիայի ընթացքում։

Նախարարի տեղակալը հոդորել է այգեգործներին` պայքարի միջոցներ ձեռնարկել նաև սնկային հիվանդությունների դեմ, որոնց զարգացմանը  նպաստում են մայիս ամսվա բարձր ջերմաստիճանը և կարճատև տեղումները։ «Հատկապես ծիրանենու մշակությամբ զբաղվող այգեգործներին ուզում եմ հորդորել, որպեսզի լրացուցիչ միջոցառումներ իրականացնեն ծակոտկեն բծավորության դեմ, որովհետև այդ հիվանդության նշաններն արդեն կան և բուռն զարգացման դեպքում մենք կկորցնենք պտղի ապրանքայնությունը, և դրանք արտահանման համար պիտանի չեն լինի», – հավելել է փոխնախարարը: