կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 17:12
Հասարակություն

Մահացել է բարերար Վահագն Հովնանյանը

Մահացել է բարերար Վահագն Հովնանյանը

Մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը. Նրա մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ից:

Հովնանյանը հայտնի էր Հայաստանում իր բարեգործական ծրագրերով, որոնք նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում` տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում Վ. Հովնանյանը հիմնել է հայկական դպրոց, նպաստել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։ 2000 թվականին ամուսինները Հայաստանում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը։ Ռիջֆիլդ քաղաքի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ էր։ Իսկ1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։

Վահագն Հովնանյանը արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր, Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչումներին: Ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար» շքանշանները, նրան շնորհվել է Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակը, «Էլլիս Այլանդ» մրցանակը, «Մարդասիրական» մրցանակը: