կարևոր
3487 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-27 20:25
Հասարակություն

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին:

Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռեւս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում:

Բազմաթիվ են Նաջարյանների ընտանիքի բարերարությամբ Հայաստանում եւ Արցախում իրականացված ծրագրերը. մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչեւ Արցախյան ազատամարտի տարիները, վտանգելով իրենց կյանքը, նրանք աշխատում էին խրամատներում եւ վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես Հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով եւ կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու նպատակադրմամբ:

Անմնացորդ նվիրում եւ  անսահման հոգատարություն ուներ Վարդգես Նաջարյանը հայկական բանակի հանդեպ: Նա վստահ էր՝ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, որոնց մասին պետք է հոգ տանել, ստեղծել նաեւ բուժօգնության առաջնակարգ պայմաններ:

Եվ այս համոզմունքով էր նա ապրում ու գործում:

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի վաստակ ունեցող Վարդգես Նաջարյանի կորստյան ցավը, համոզված եմ,  Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում կիսում են բոլորը: Ըստ արժանվույն գնահատելով մեծ հայորդու եւ նրա ազնվազարմ տիկնոջ՝ Մերի Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը՝ տարիներ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նաջարյան ամուսինները պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Վարդգես Նաջարյանի ընտանիքիին, հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին:

Աստված թող լուսավորի Վարդգես Նաջարյանի ազնիվ հոգին եւ սփոփանք ու մխիթարություն պարգեւի նրա կորուստը սգացողներին:

Վարգես Նաջարյանի՝  ազգային մեծ բարերարի եւ առաքինի, աշխատասեր, իմաստուն ու համեստ մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։

Հանգչի՛ր խաղաղությամբ»: