կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-28 17:09
Քաղաքական

Ներկուսակցական տարբեր մանրուքներ…

Ներկուսակցական տարբեր մանրուքներ…

ՀՀ նախագահի նստավայրում օգոստոսի 26-ից սկսվել են սահմանադրական բարեփոխումների շուրջ Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Այդ գործընթացի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանը և Վարդան Վարդանյանը ևս գնացել էին նախագահական:

Մինչ այդ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ԲՀԿ-ում իրավիճակ է փոխվել և, ըստ էության, իրենց կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: ԲՀԿ-ի դիրքորոշման այս հապշտապ փոփոխությունը հասկանալի պատճառներով «լեզու է դրել» շատերի բերանը: Ուշագրավ է նաև, որ, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ ընդդիմադիր պահվածք են որդեգրել կուսակցության ներսում, համառորեն դեմ են արտահայտվում կուսակցության փոխված դիրքորոշմանը և հեռու չեն համարում այն օրը, որ այս ամենը կարող է կուսակցության պառակտմանը հանգեցնել:

ԲՀԿ-ի նոր գծին դեմ արտահայտվողների թվում է խմբակցության պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Ստեփան Մարգարյանը չհերքեց տեղեկությունը, որ ԲՀԿ-ի ներսում ամեն ինչ, մեղմ ասած, այդքան էլ հարթ չէ, որ ԲՀԿ-ի ներսում տարակարծություններ կան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Շարունակ խուսափելով հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց` ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ անպայման կհայտնի իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, թե ճիշտ չի համարում «ներկուսակցական տարբեր մանրուքները» հանրայնացնելը: «Ես բոլորի հետ հատ-հատ չեմ խոսել, որ իմանամ` ինչ կարծիք ունեն, ու ասեմ` ինչ ա, ոնց ա, բայց կուսակցությունը ունի ընդունած որոշում, ուրեմն այդ որոշումները պաշտոնական են: Բացի դրանից`ինչի՞ պետք է ներկուսակցական տարբեր մանրուքների մասին խոսենք: Եթե կուսակցությունը պաշտոնական տեսակետ է հայտնում, ուրեմն դա կուսակցության որոշումն է»,- նշեց նա` հավելելով, որ ինքը չի զրուցել խմբակցության գործընկերների հետ, որպեսզի իմանա նրանց տեսակետը: «Կուսակցության տեսակետը հստակ է, և այն պաշտոնական է, իսկ խմբակցության տեսակետն արդեն կքննարկվի խմբակցության նիստում»,- եզրափակեց ԲՀԿ-ականը:

Հիշեցնենք, որ, բացի Ստեփան Մարգարյանից, ԲՀԿ խմբակցության այլ պատգամավորներ ևս կան, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, օրինակ` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Հարկ է նշել, որ խմբակցության գործարար հատվածը սկզբունքորեն դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին. ինչ իրենց ասվի, այդպես էլ կանեն: