Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին սահմանադրական փոփոխությունների մասին: Նրանք նախ նշեցին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո իրենք լռել են այն պատճառով, որ ամբողջ ընթացքում ՀՅԴ-ն անընդհատ աշխատում էր սահմանադրական փոփոխությունների վրա, ներկայացնում առաջարկություններ, հարցադրումներ, իրականացնում բովանդակային քննարկումներ:
Դաշնակցությունը 70 կետով առաջարկություններ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբին, այդ թվում եղել են թե\' առանցքային առաջարկություններ, թե\' տասնյակ հարցադրումներ՝ ձևակերպումների ու խմբագրման հետ կապված:
Աղվան Վարդանյանը նշեց, որ ավարտվել է աշխատանքների մի փուլը, սկսվում է աշխատանքների վերջին փուլը, երբ քննարկումները կտեղափոխվեն խորհրդարան:
«Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջին՝ հրապարակված տարբերակում մեր առանցքային առաջարկություններն ընդունվել են, բայց մենք ունենք մոտ երկու տասնյակ առաջարկություն, որոնք լրամշակում ենք և կներկայացնենք ԱԺ քննարկումների ժամանակ: Հրապարակված նախագծի 90-95 տոկոսը համապատասխանում է մեր պատկերացումներին»,- ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ-ի հիմնական առաջնահերթությունները արտացոլված են նախագծում՝ անցում խորհրդարանական համակարգին, անցում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, այնպիսի համակարգի ստեղծում, երբ ընդդիմությունն ունի լծակներ` ազդելու կառավարման վրա, որ ընդդիմությունը կարողանա գործուն ազդեցություն ունենալ, և այդ ամենն արտացոլված է Սահմանադրության ներկայիս նախագծում:
«Իբրև քաղաքական ուժ` համարում ենք, որ մեր տեսակետները հաղթանակել են` չունենալով իշխանություն, պառլամենտում ունենալով ընդամենը հինգ պատգամավոր: Վստահ ենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո երկիրը կգնա այն ուղղությամբ, որը մենք գծել ենք, որը մենք պատկերացնում են, և մենք ունենք այդ շանսը` մեր քաղաքական ուժի պատկերացումները դնել Հայաստանի քաղաքական զարգացման հիմքում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա հավելեց, որ ՀՅԴ-ն շատ է կարևորում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկումները, որովհետև կողմնակից չէ միանգամից մերժելուն ու չգիտես` որտեղից վերցրած տեսակետներ հայտնելուն: Պատգամավորը կոչ արեց քաղաքական ուժերին ու հասարակությանը` մտնել բովանդակային քննարկման փուլ:
Աղվան Վարդանյանը անդրադարձավ այն տեսակետին, թե չկա քաղաքական-հասարակական պահանջ՝ փոխելու Սահմանադրությունը: «Սահմանադրական փոփոխությունների քաղաքական պահանջը եղել է միշտ, բազմաթիվ քաղաքական ուժեր միշտ այդ հարցը բարձրացրել են: Հասարակական պահանջն ինչպե՞ս է առաջանում: Դժվար է պատկերացնել, որ լայն հասարակական զանգվածներ դուրս են գալիս փողոց` պահանջելու իրականացնել սահմանադրական փոփոխություններ, դա առաջ են տանում քաղաքական ուժերը և հասարակության ակտիվ զանգվածները»,- ասաց նա` հավելելով, որ իր եզրակացությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՀՅԴ-ին բավարարում է, թեև դեռ կան բազմաթիվ առաջարկներ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ արդեն հանրաքվեով մեր ժողովուրդն ընդունի նոր Սահմանադրությունը, և գնանք բոլորովին այլ ուղղությամբ: Վստահ ենք, որ սահմանադրական փոփոխությունները լուծելուն է առկա խնդիրները»,- ասաց Աղվան Վարդանյանը: