Տիգրան Հալլաճյանի պատմությունը
1881 թ., Սեբաստիա
Աղբյուրը՝ armeniangenoicde100
Տիգրան Հալլաճյանի պատմությունը
1881 թ., Սեբաստիա
Հայոց ցեղասպանությանը ականատես բժիշկ Տիգրան Հալլաճյանը 1915-ի գարնանը ի թիվս 8 հայ բժիշկի, ծառայել է Ազիզիեի զինվորական հիվանդանոցում, որի վերատեսուչը՝ հարյուրապետ Շևքեթը, փորձել է կազմակերպել հիվանդանոցի հայ բժիշկների գիշերային սպանությունը, ինչը, սակայն չի հաջողվել: Հաջորդ առավոտյան հայ բժիշկներին ազատ են արձակել: Տիգրան Հալլաճյանին ուղեկցող 2 թուրք զինվոր-ծառաները, չիմանալով, որ բժիշկը հայ է, միմյանց պատմում են, թե ինչպես են աքսորի ճանապարհին բազմաթիվ հայերի գազանաբար սպանել: Բժիշկը, չդիմանալով նրանց պատմածներին, սպանում է զինվորներից մեկին: Մյուս զինվորը փախչելով, եղելության մասին հայտնում է ղեկավարությանը: Առավոտյան բժշկին կախաղան են բարձրացնում:
Ծնվել է 1881/82 թ., Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Կյուրինի գավառակի կենտրոն Կյուրին քաղաքում, հայ ավետարանական ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում:
Այնուհետև, սովորել է Սեբաստիայի ամերիկյան վարժարանում, որտեղ ուսանել է նաև անգլերեն լեզու:
1902 թ. ավարտել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը և ստացել «պսակավոր արվեստից» վկայական:
1902-04 թթ. նույն քոլեջում ուսուցիչ է աշխատել:
1904-06 թթ. Սեբաստիայի Արամյան ազգային վարժարանում ուսուցիչ է աշխատել:
1912 թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1912 թ. վերադառնալով հայրենիք՝ դարձել է Կյուրինի առաջին հայ բժիշկը:
1915 թ., Առաջին համաշխարհային պատերազմին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու ուղարկվել Կարինի ռազմաճակատը:
Կարճ ժամանակ Երզնկայի Ազիզիեի զինվորական հիվանդանոցում ծառայելուց հետո 2 հետևակ զորքերի ուղեկցությամբ Շապին-Կարահիսար է ուղարկվել:
Ունեցել է հազարապետի զինվորական աստիճան:
1915 թ. գարնանը (այլ տվյալով՝ հունիսին) ի թիվս 8 հայ բժիշկների, կրկին ծառայել է Ազիզիեի զինվորական հիվանդանոցում, որի վերատեսուչը՝ հարյուրապետ Շևքեթը, փորձել է կազմակերպել հիվանդանոցի հայ բժիշկների գիշերային սպանությունը, ինչը, սակայն չի հաջողվել:
Հաջորդ առավոտյան հայ բժիշկներին ազատ են արձակել:
Բժիշկ Հալաճյանին ևս տրամադրել են 2 ուղեկցող զինվոր ու ազատ արձակել: Իրաքի Քերքուկ քաղաքի մոտ /Քելքիթից Տրապիզոն գնալու ճանապարհին բժիշկը զգալով, որ զինվորները մտադիր են իրեն սպանես ինքն է նախահարձակ եղել, մեկին սպանել է, իսկ մյուսը հասցրել է փախչել ու մոտակա ոստիկանությանը տեղեկացնել: Վրա հասած ոստիկանների խումբը տեղում սպանել է 34 տարեկան բժշկին:
Մեկ այլ տվյալով, նրան ուղեկցող 2 թուրք զինվոր-ծառաները, չիմանալով, որ բժիշկը հայ է, միմյանց պատմում են, թե ինչպես են աքսորի ճանապարհին բազմաթիվ հայերի գազանաբար սպանել:
Բժիշկը, չդիմանալով նրանց պատմածներին, սպանում է զինվորներից մեկին: Մյուս զինվորը փախչելով, եղելության մասին հայտնում է ղեկավարությանը: Առավոտյան բժշկին կախաղան են բարձրացնում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 183–185: