Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել, այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։
«Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Անհրաժեշտ էր պարզել, թե սպանությունը կատարած անձը երբ և որտեղից էր եկել Աբովյան փողոց, ինչպես և դեպքից հետո ուր էր գնացել, ինչն արվեց կարճ ժամանակում։ Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացի փողոցով։
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։