կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-06 17:01
Իրավական

7 ամիս է մնացել պատժի կրման ավարտին, բայց դատապարտյալը հույս ունի ավելի վաղ ազատվել

7 ամիս է մնացել պատժի կրման ավարտին, բայց դատապարտյալը հույս ունի ավելի վաղ ազատվել

7 ամիս է մնացել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունու պատժի կրման ավարտին, սակայն վերջինս շարունակում է պայքարել իր՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Ամատունին արդեն երկու տարի է բարձրաձայնում է իր իրավունքների ոտնահարման մասին: Նրա խնդրին yerkir.am-ն իր հրապարակումներում նույնպես անդրադարձել է: Հիշեցնենք որ, դեռևս նախորդ տարի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն աննախադեպ վճիռ էր կայացրել` վերացնելով «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի` Ամատունու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու մասին որոշումը և պարտավորեցրել՝ Ամատունուն վաղաժամկետ ազատելու միջնորդությունը ներկայացնել անկախ հանձնաժողովին: Սակայն, հակառակ կալանավորի սպասումների, հանձնաժողովը մերժել էր նրան: Ամատունին, օգտվելով հանձնաժողովի որոշումները բողոքարկելու` օրենքով տրված հնարավորությունից, կրկին դիմել էր Արագածոտնի մարզի դատարան: Սակայն դատավոր Սուրիկ Մնոյանը մերժել էր նրան: Այնուհետև Ամատունին դիմեց Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժեց իր բողոքը:

Yerkir.am-ի հետ զրույցում դատապարտյալը հայտնեց, որ դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան: Ամատունին հայտնեց, որ ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմելու է նաև Եվրադատարան: Դատապարտյալն իր զարմանքն է հայտնում, թե ինչու՞ այսքան բարձրաձայնելուց հետո խնդիրը լուծում չի ստանում:

«Եվրոպայից խոշոր գումարներ են հատկացվում քրեակատարողական ոլորտի բարեփոխումների համար՝ մասնավորապես պրոբացիոն ծառայության և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտները կարգավորելու նպատակով: Սակայն հատկացվող միջոցները հօդս են ցնդում , իսկ խնդիրները շարունակում են մնալ չլուծված»,-ասաց Ամատունին:

Նշենք, որ բացի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրից, Ամատունուն մտահոգում է նաև իրեն բաց տիպի ռեժիմ տեղափոխելու հարցը: «Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածի1-ին մասի 2-րդ կետի՝ պատժի 1/3-ը կրելուց հետոո, ինձ կարող են տեղափոխել բաց տիպի հիմնարկ, քանի որ բնութագրվում եմ դրական, չունեմ նախկին դատվածություն»,-ասաց Ամատունին և հավելեց, որ դեռևս մայիսի 5-ին գրավոր դիմում է ներկայացրել «Կոշ» ՔԿՀ-ի պետին՝ խնդրելով միջնորդել տեղաբաշխման հանձնաժողովին՝ իրեն կիսաբաց տիպի հիմնարկից տեղափոխել բաց տիպի հիմնարկ: «Դա հնարավորություն կտա ինձ աշխատել, վերաինտեգրվել հասարակությանը , այցելել միայնակ ապրող , 2-րդ կարգի հաշմանդամ մորս»,-ասաց Ամատունին:

Դատապարտյալի խոսքով՝ անցել է գրեթե 3 ամսիս, ասակայն տեղաբաշխման հանձնաժողովն իր հարցը չի քննարկել: Ամատունին , որպես վերահսկող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում այս հարցի վրա: