կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 14:22
Իրավական

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով մեղադրյալը համաներմամբ էր ազատվել պատժի հետագա կրումից

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով մեղադրյալը համաներմամբ էր ազատվել պատժի հետագա կրումից

Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված` 26-ամյա Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն այսօր կամ վաղը բողոք է ներկայացնելու ՀՀ վերաքննիչ դատարան: Փաստաբանը Yerkir.am-ին հայտնեց, որ դատարանում վիճարկելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը:

Քոսյանը համոզված է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացրել է նիստերի դահլիճում` առանց խորհրդակցական սենյակ գնալու, ինչն օրենքի խախտում է: Բացի այդ` նա հույս ունի, որ նշանակված փորձաքննությունները կապացուցեն իր պաշտպանյալի ալիբին: «Այս պահին ոչ ոք չգիտի` ինչ է եղել: Ես հավատում եմ միայն փաստերին: Ակնհայտ է, որ Կոսյանի նկատմամբ հիմնավոր կասկածի հիմքեր չկան, դատական ակտն էլ կայացվել է կոպիտ խախտմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով: Գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, որոնցից  Խ.Կոսյանը, ով արդարադատության գնդապետի որդի է,  կալանավորվել է ավելի վաղ, իսկ հետախուզման մեջ գտնվող երկու անձինք` Ա.Չիչոյանը և Ա.Նիկողոսյանը հայտնաբերվել և կալանվորվել են երեկ:

Հիշեցնենք, որ, նախնական քննության տվյալներով, 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։ Քննությամբ պարզվել է նաև, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։ Նշենք նաև, որ Կոսյանը 6 տարի առաջ` 2010-ի հունիսի 29-ին, Երևանի Հերացի փողոցում խախտելով ՃԵԿ-ի կանոնները, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իրեն պատկանող ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների, ովքեր տեղում մահացել էին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վճռով` Խաչիկ Կոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` երեք տարի ժամկետով էլ զրկվելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ վրաերթ կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Կոսյանը համաներման ակտով ազատվել է պատժի հետագա կրումից` ընդհանուր առմամբ, անազատության մեջ մնալով ընդամենը մեկուկես տարի: