Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարություն է տեղի ունեցել. Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը: «Հիվանդն ընդունվել է 0 ճնշումով, առանց պուլսի, պրակտիկորեն սրտի կանգով: Վիրահատել և ուղարկել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ»,-yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն էլ հայտնել էր, որ տղայի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանը հայտնեց, որ կռիվն, այո, տեղի է ունեցել դպրոցի բակում, սակայն դպրոցի հետ ոչ մի կապ չունի:
«Համադասարանցիների միջև կռիվ չի եղել, հասկանո՞ւմ եք, դրսից տղաներ են եկել: Տիգրանն էլ ինչ-որ մեկին պաշտպանելու համար առաջ է նետվել: Կռիվ չի եղել, մտադրված եկել են` դանակահարելու, հավանաբար, Տիգրանն է առաջ մղվել: Չնայած դեռ հետաքննությունը չի ավարտվել, բայց, Տիգրանին ճանաչելով, իր էությունը իմանալով, վստահ եմ` նրա հետ կապված խնդիր չկար, Տիգրանի հետևից չէին եկել»,- ասաց տնօրենը:
Ըստ նրա` Տիգրանը չափազանց զուսպ, դաստիարակված, հավասարակշռված ու խելացի տղա է, դպրոցի այն աշակերտներից է: «700 աշակերտի մեջ այնպես չէ, որ տնօրենը բոլորին կարող է ճանաչել, բայց նա այն երեխան է, որ 5-6-րդ դասարանից աշակերտական խորհրդի մեջ է եղել, նա է պատասխան տվել բոլոր հարցերին: Ոտքից մինչև մազերի ծայրը թասիբ է: Նրա հետ խոսելիս` չես ասի, որ դպրոցական երեխայի հետ ես խոսում: Դպրոցում ցանկացած տնօրեն և ուսուցիչ ունենում են «հենարան աշակերտներ», Տիգրանը դեռ միջին դասարաններից այդ հենարան աշակերտներից մեկն է, ով մի շարք հարցեր է կարգավորել»,- ասաց տիկին Հովսեփյանը` հավելելով, որ Տիգրանն ըմբշամարտիկ է, դպրոցից հետո պատրաստվում է բանակ գնալ:
Նա տեղեկացրեց, որ տղայի համադասարանցիները շոկի մեջ են, այսօր ամբողջ դասարանը դասի է եկել, թեեւ ունեին աշակերտներ, որոնք այս օրերին հիվանդ պառկած էին:
«Հարցը դեպքը չի, Տիգրանին, իրոք, սիրում են դպրոցում: Վստահ եմ, երբ առողջանա ու խնդիր լինի` էլի է ուրիշի թասիբին կանգնելու»,- ասաց տնօրենը:
Նա նշեց նաև, որ Տիգրանը «ընտանիքի երեխա» է, մեկ եղբայր ունի: «Երեկ հիվանդանոցում տեսա եղբորը, 2-3 տարի առաջ էր ավարտել դպրոցը: Զարմանալի չէր, որ նման լավ եղբայր ունի, ընտանիքից է գալիս ամեն բան: Տիգրանի մայրը բուժաշխատող է, հայրը` համեստ, աշխատող մարդ: Այսօր դժվար է նման երեխա գտնել, ուղղակի մի քիչ շատ է «թասիբոտ», ամեն ինչի ու բոլորի համար իրեն պատասխանատու է զգում»,- ասաց Հովսեփյանը: